Այսօր՝ հունվարի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի մետրոպոլիտենի ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ մետրոյից դեպի դեպո տանող գծերի հարևանությամբ գտնվող տարածքում, ծառից կախված տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը և ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու մետրոպոլիտենի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։
Դեպքի մասին Ոստիկանության մետրոպոլիտենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Կարեն Փթուկյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։