«Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով Փաշինյանը այսօր վախեցած բացատրում է, թե որն է Արևմտյան Հայաստանը


«Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով Փաշինյանը այսօր վախեցած բացատրում է, թե որն է Արևմտյան Հայաստանը
Հունվար 9 20:16 2025
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական տարանջատումներով, Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին:
 
Իսկ ով է մեղավոր, որ 2020թ. օգոստոսի 28-ին Սարդարապատում, Տավուշի դիրքային երկրօրյա մարտերի մասնակիցներին 16 հատ «Մարտական խաչ» 1-ին աստիճան, 55 հատ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշաններ ու Ազգային հերոսի կոչում բաժանած Նիկոլ զորավարն այսօր խեղճացած ու կուչ եկած արդարանում է, օկուպանտ Ադրբեջանի առաջ:
 
«Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով, Աղդամը հայրենիք համարող և սեփական կետից ուղիղ դեպի 44 օրյա պատերազմ, այնտեղից էլ դեպի ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիա և Արցախի էթնիկ զտում քայլած առյուծասիրտ Նիկոլ Փաշինյանը խեղճացել է: Իրեն չի սազում: Առաջվա քաջ խրոխտ, պոպուլիստ ու զանգվածների սրտեր գերող Նիկոլը չկա:
 
Միգուցե հեշտ էր Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը:
 
2018-20թթ-ին Նիկոլի և իր տխրահռչակ կառավարության համար ծովը ծնկներից էր: Ում ուզում դատում, պախարակում, սևացնում էին, երկրից դուրս, և ներսում ինչ ուզում ասում ու անում էին՝ առանց հետևանքների մասին մտածելու:
 
Իսկ այսօր վախեցած բացատրում է, որ Գորիսը, Կապանը, Ներքին Հանդն ու Նռնաձորը Արևելյան Հայաստան են, իսկ Արմավիրը, Թալինն ու Մարալիկը՝ Արևմտյան Հայաստան, անգամ վստահ չլինելով վերջիններիս վաղվա օրվա նկատմամբ:
 
Շուրջ 7 տարի և աղետալի ձախողումների մի ամբողջ շղթա՝ տարածքային ու մարդկային կորուստներից, արտաքին քաղաքականությունից, անվտանգությունից, պաշտպանունակությունից մինչև գյուղատնտեսություն ու ՏԻՄ-եր:
 
Պետական ահռելի պարտքն էլ վերադիր:
Չէ, ինչպես Օստապ Բենդերը կասեր՝ «քեզանից կոմս Մոնտե-Քրիստո դուրս չեկա՛վ»...
 
Մնում է, որ ԿԳՄՍ-ն մի շրջաբերական իջեցնի, որ Արմավիրի, Թալինի ու Մարալիկի դպրոցներում վաղվանից հանկարծ արևելահայերենից չանցնեն արևմտահայերենի»։