Երեխայի լսված լինելու իրավունքը չպետք է ընկալ որպես բացարձակ ճշմարտություն. «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսին նշեց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը։
Նա օրինակ բերեց, որ եթե փոքր երեխան ասում է՝ չեմ ուզում սուպ ուտել, ուզում եմ միայն կոնֆետ ուտել, որևիցե ծնող չի համաձայնվում դրան․ «Հետևաբար, եթե երեխան ինքն ասում է՝ ես համաձայնել եմ սեռական հարաբերություն ունենալուն, դա բացարձակապես չի նշանակում, որ իր համաձայնությունը կշռադատված է, ամբողջական է, գիտակցված է և պետք է ընդունվի որպես բացարձակ ճշմարտություն՝ անտեսելով երեխայի լավագույն շահը»։
Նա հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում։ «Այսինքն՝ նրանց հետ չափահասի կողմից ցանկացած սեռական գործողություն դիտվում է որպես անթույլատրելի և որքան էլ մինչև 16 տարեկան երեխան համաձայնություն է հայտնում, այդ համաձայնությունը չի կարող ընկալվել որպես որևիցե պատասխանատվությունից ազատելու հիմք»,- հայտարարեց Թումասյանը՝ հավելելով, որ դեպքերը եղել են և՛ մարզերում, և Երևան քաղաքում։
Նա նկատեց, որ այսպիսի դեպքերում պարտադիր չէ, որ լինի բողոք. «Երբ պաշտպանը բերում է համապատասխան դատարանի որոշում և ասում է՝ նայիր, այսինչ դատարանն այսինչ գործով կիրառել է հաշտություն տուժողի հետ, դատավորը սկսում է կաշկանդվածություն զգալ և ինքն էլ ակամա ընտրում է այդ ուղղությունը, բայց այդ մոտեցումը միանշանակ անընդունելի է երեխայի պարագայում:
Օրինակ, դեպքերից մեկով 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել և նշել, որ երբ մամայի ընկերները, որոնց հետ նա միշտ խմում էր, և իրենք ապրում էին մեկ վագոն տնակում, այսինքն՝ ամեն ինչը երեխան տեսնում էր, և այդ ընկերներից մեկը հարաբերություն էր ունենում մամայի հետ, ասում է՝ այդ անձի ընկերը նայեց ինձ, ասաց՝ դե դու էլ հանվիր, պառկիր այս մահճակալին: Ասում է՝ ես նայեցի մամային, մաման ոչ մի բան չասեց, ոչ մի վատ բան դրա մեջ չտեսա, հանվեցի և ես էլ պառկեցի:
Նայեք, երեխան այստեղ չի էլ գիտակցել, որ պետք է դիմադրություն ցույց տա, երեխան ընդամենն իր ծնողին նայելով և չստանալով նրանից որևիցե պաշտպանություն կամ աջակցություն՝ տվյալ պարագայում չի էլ դիտարկում, որ ինքը կարող էր չհամաձայնել, կամ կարող էր դիմադրել:
Բայց միայն այն փաստը, որ այդ տղամարդը գիտակցում էր, որ 13 տարեկան երեխայի հետ է ունենում սեռական հարաբերություն, դա արդեն հանցագործություն է և որևիցե պարագայում նա չպետք է ազատվի պատասխանատվությունից»,- հայտարարեց Թումասյանը: