Բախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրո


Բախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրո
Դեկտեմբեր 12 18:18 2024

Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ն այսօր վճիռ է հրապարակել։ Այս գործը Հայաստանում առավել հայտնի է որպես բախտագուշակ Վարսիկի հարսի գործ, երբ բախտագուշակի որդին տարիներ շարունակ բռնության էր ենթարկել կնոջը։

Երբ կնոջ բողոքի հիման վրա քրեական գործ  էր հարուցվել ամուսնու դեմ, չնայած այն բանին, որ կինը պաշպանություն էր խնդրել, քաղաքացիական ամուսինը շարունակել էր հետապնդել ու սպառնալ նրան, ի վերջո հարձակվել էր նրա վրա։ Չնայած նա դատապարտվել է, բայց ազատվել է պատժի կրումից։

Պալատի այսօրվա վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշել է, որ եղել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Հոդված 3-ը վերաբերում է խոշտանգումների արգելքին և սահմանում է.  «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

Դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է դիմողին վճարի 24.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի  հատուցում, ևս  2.000 եվրո՝ դատական ու այլ ծախսերի համար: