ՊՆ զինծառայողը «Mazda»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր


ՊՆ զինծառայողը «Mazda»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր
Դեկտեմբեր 6 23:17 2024

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:30 -ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Կ. Ա.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գարուշ Սարգսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղվան Մաթևոսյանն ու Ավթանդիլ Հակոբյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդը ՀՀ ՊՆ համազորամասի զինծառայող է։