«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Հովիկ Աղազարյանին հեռացնելու կամ մանդատից զրկելու պրոցեսներ չկան, «Փաստինֆո»-ին ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Չեմ կարծում, որ խմբակցությունը կարող է նման քայլի գնալ։ Աղազարյանն էլ ժամանակ է խնդրել, կարծում եմ՝ մոտ ժամանակահատվածում կարձագանքի վարչապետի խնդրանքին»,- նշել է Մելքոնյանը։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել էր՝ խնդրել է ՔՊ-ական պատգամավորներ Աղազարյանին ու Զեյնալյանին՝ վայր դնել մանդատը։ Զեյնալյանն անմիջապես արձագանքել էր ու վայր դրել, իսկ Աղազարյանը հայտարարել էր՝ պետք է խորհրդակցի ընկերոջ հետ, ով Ռուսաստանից է, որից հետո՝ որոշում կկայացնի։
Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ խմբակցությունում տարբեր մարդիկ տարբեր կերպ եմ մտածում այս հարցի շուրջ․ «Դեմոկրատական երկիր է, մեր մոտ էլ՝ անգամ խմբակցության ներսում, շատ քննադատություններ կան իրար նկատմամբ»։
Դիտարկմանը, թե Աղազարյանն ասում է, որ որոշ գործընկերներ իրեն ճնշում են, որ վայր դնի մանդատը, մյուսներն էլ ճնշում են, որ չդնի, ինքը ո՞ր «կողմից է ճնշում»՝ Մելքոնյանը պատասխանել է, թե Աղազարյանին իրական պատկերն է ներկայացրել, ու ասել, որ բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ որոշում կայացնի, իսկ որոշում ամեն դեպքում՝ ինքը պետք է կայացնի․ «Ինքը պետք է որոշի, ոչ մեկը չի կարող իրեն ասի՝ դիր, կամ մի դիր, ինքն է որոշողը»։
Հարցին, թե ինքը կդնե՞ր մանդատը, եթե վարչապետն իրեն «խնդրեր»՝ Մելքոնյանը պատասխանել է. «Անպայման, 5 րոպե էլ չէի մտածի»։