Ինչու է Անջեյ Դուդան Հայաստան եկել. «Հրապարակ»


Ինչու է Անջեյ Դուդան Հայաստան եկել. «Հրապարակ»
Նոյեմբեր 27 09:40 2024

«Հրապարակ» թերթը գրում է. 

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ 2011-ին Հայաստան կատարած պաշտոնական այցից 13 տարի անց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան է Հայաստանում՝ պաշտոնական այցով: Ինչպես լեհական կողմն էր նախապես հայտարարել, տարածաշրջանային իրավիճակն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը լինելու են Երեւանում բանակցությունների հիմնական թեմաներից մեկը: 

Դուդան «Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիվ գործողություններով» է պայմանավորել տարածաշրջանային անկայունությունը, ասել, որ պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն նաեւ անմիջականորեն Կովկասի վրա: «ՌԴ-ն դոմինանտ գործողություններ է ցանկանում իրականացնել նաեւ այս տարածաշրջանում, մենք դա տեսնում ենք»,- Երեւանում հայտարարել է Լեհաստանի նախագահը:

Ռուսաստան-Արեւմուտք գեոպոլիտիկ հակամարտության, տարածաշրջանում մրցակցության ու հատկապես Վրաստանում զարգացումների լույսի ներքո, որտեղ վրաց հասարակությունը հրաժարվեց այդ հակամարտության մեջ Արեւմուտքի գործիքը դառնալ, Անջեյ Դուդայի այցն ուշագրավ է՝ տարածաշրջանում եվրոպական քաղաքականությունը Հայաստանի միջոցով առաջ մղելու հավանականության տեսանկյունից: Մանավանդ որ հունվարից Լեհաստանը ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը:

«Վարշավան ցանկանում է վերականգնել Արեւելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով։ Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները եւ ուզում է մասնակցել այդ գործընթացին: Մենք ամեն ջանք կգործադրենք ՀՀ-ին եվրոպական ընտանիք ներգրավելու համար»,- Երեւանում հայտարարել է Լեհաստանի նախագահը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։