«Բացարձակ տեղին չէ նման զուգահեռներ անցկացնելը, քանի որ կան պատմական իրողություններ և պատմական ճշմարտություններ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդգար Հովհաննիսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որտեղ նա զուգահեռներ է անցկացնում «Արևմտյան Հայաստան» ու Բաքվի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթների միջև։
Ըստ նրա, եթե փորձ է արվում այդ իրողությունները կոնտեքստից կտրված և բառախաղի միջոցով ներկայացնել, գիտակից մարդու մոտ, այնուամենայնիվ, ամեն ինչ պարզ և հստակ է։
«Փորձ է արվում ասել «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Հայաստան»։ «Արևմտյան Ադրբեջան» և առհասարակ Ադրբեջան հասկացությունը որպես պետական կազմավորման անվանում, ի հայտ է եկել միայն 1918 թվականին, դրանից առաջ նման ձևակերպում երբևէ որպես որևէ պետական կազմավորման, միավորի անվանում գոյություն չի ունեցել։
Իսկ Ադրբեջանը հայտնի Ատրպատական պատմական տեղանվան փոխակերպված, փոփոխման ենթարկված բաղադրիչ է իր մեջ պարունակում, իսկ պատմական Ատրպատականը գտնվում է Արաքսի հովտում։ Հետագայում այդ արհեստածին պետության անվանումն այդպես կոչվեց տարբեր քաղաքական, աշխարհաքաղաքական նպատակներ ենթադրելով։ Հետևաբար «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, հավակնոտ, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը։
Իսկ ինչ վերաբերում է «Արևմտյան Հայաստան» պատմական եզրույթին, ձևավորվել է Հայաստանի բաժանումների հետևանքով, պատմական ճակատագրի բերումով երկու հայկական մասեր են առաջացել՝ Արևելյան և Արևմտյան, որը հետագայում հիմք է հանդիսացել երկու հայկական լեզուների, երկու հայկական ենթամշակույթների՝ արևելահայ և արևմտահայ ձևավորումների, բայց իրականում մեկ ամբողջական Հայաստանի երկու տարբեր թևերն են։
Այստեղ զուգահեռները բացարձակ անտեղին, անհասկանալի և իր մեջ բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է, պետք է նման ձևակերպումներից, ամենաբարձր մակարդակով նման եզրույթ կիրառելուց, շրջանառության մեջ դնելուց զերծ մնալ, որը հետագայում վերջիվերջ կարող է ինչ-ինչ շրջանակների կողմից հղման աղբյուր դառնալ ու բարդացնել առանց այն էլ մեր բարդ իրավիճակը»,- ասաց պատմաբանը։
Է.Հովհաննիսյանի խոսքով, վերջին շրջանում, անգամ Արցախն ամբողջական իր տիրապետության տակ վերցնելուց հետո Ադրբեջանից, այնուամենայնիվ, խաղաղությանը միտված հռետորաբանությանն ականատես չենք լինում. «Ավելին՝ ախորժակներն ավելի ընդլայնվել են և այսօրվա գոյություն ունեցող Հայաստանի նկատմամբ որոշակի մեսիջներ ու բացահայտ հավակնություններ են դրսևորվում ամենաբարձր մակարդակով՝ իրենց երկրի նախագահի մակարդակով։ Ինչ-որ իմաստով այդ արձագանքներն այստեղ երկրորդելը խիստ վտանգավոր է մեր ինքնությանն ու պետականությանը»։
Հիշեցնեն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։
Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։