Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան


Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան
Նոյեմբեր 21 14:46 2024

Կառավարությունն այսօր հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին աջակցություն տրամադրելու նոր ծրագիրը, որով նախատեսվում է նվազեցնել աջակցության չափն ու շրջանակը։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ նկատի ունենալով բռնի տեղահանումից ի վեր ԼՂ-ից տեղահանվածների տնտեսական ինտեգրման դրամական միտումները և բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը՝ առաջարկում են 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցնեն ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեականությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախ խմբերին»:

Ներկայումս գործող «40+10 հազար» աջակցության ծրագիրը նախատեսվում է ավարտել դեկտեմբերին, սակայն, ինչպես նշեց նախարարը, 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կշարունակի մնալ 50 հազար դրամ՝ շահառուների շրջանակը նույնպես չի փոխվի։

2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ առաջարկվում է սոցիալական աջակցության չափը սահմանել 40,000 դրամ, միաժամանակ աջակցությունը հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերի հետևյալ անձանց՝

- մինչև 18 տարեկան երեխաներին կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձանց (շուրջ 33․0 հազ. շահառուներ),

- 63 և ավելի տարեկան անձանց (շուրջ 18․0 հազ. շահառուներ),

- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց (շուրջ 2․6 հազ. շահառուներ):

2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը շարունակել նույն խմբերի (ինչպես ապրիլ-հունիս ամիսներին) համար՝ 30,000 դրամի չափով:

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ որոշումը պայմանավորված է մի քանի պատճառով. նախ՝ 2024-ի հունիսից արդեն իսկ մեկնարկել է բնակարանային պետական աջակցության ծրագիրը, որը շահառուների առանձին խմբերի համար հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել սեփական բնակելի տարածք, իսկ մյուս մասը կարող է շահառու դառնալ եկող տարվա սկզբից:

«Հաջորդ պատճառն այն է, որ ունենք դրական միտում՝ ներառվելու մասով, որովհետև երբ հետևում ենք, որ բավականին մեծ թվով՝ շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում, որոնք 18-60 տարեկան անձանց շրջանում բավականին մեծ թիվ է կազմում, կարծում ենք, որ պետական աջակցությունը պետք է աստիճանաբար հասցեագրվի առավել թիրախային և երկարաժամկետ լուծումների նպատակով, հատկապես՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին:

Նշենք, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են ավելի քան 115,000 անձ, որոնց ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականությամբ պատկանող բնակելի տարածք: Կառավարության աջակցության նոր ծրագիրը չի արժանացել հանրության հավանությանը. Արցախցիները արձանագրել են, որ անգամ ընտանիքի երկու անդամի աշխատելու պարագայում գումարը հազիվ է բավականացնում տան վարձակալության գումարը ու կմունալները վճարելու համար, հետեւապես կառավարության աջակցության նվազեցումը արցախցիներին դրդելու է արտագաղթի։