Պետք է կոտրել ամոթի և անարժանապատվության շղթան, որով իշխանությունը շղթայել է հայ ժողովրդին


Պետք է կոտրել ամոթի և անարժանապատվության շղթան, որով իշխանությունը շղթայել է հայ ժողովրդին
Նոյեմբեր 9 21:43 2024
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը գրում է․

«Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրեց վերջին հարյուր տարվա ամենանվաստացուցիչ և ամենախայտառակ պայմանագիրը։
 
Ադրբեջանին հանձնվեցին Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։ Արցախը հայտնվեց ամբողջական շրջափակման մեջ՝ Հայաստանին կապող ընդամենը մեկ ճանապարհով՝ հույսի և կյանքի ճանապարհով։ Սակայն 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը կտրեց նաև այդ ճանապարհը, զրկելով մարդկանց անգամ սննդի և դեղորայքի մատակարարումներից։ Սկսվեց Արցախյան լիակատար բլոկադան, որն ուղեկցվեց մարդկանց առևանգումներով, ֆիզիկական և հոգեբանական հալածանքներով, բնակչության մասսայական սովի հարկադրմամբ և տևեց ավելի քան տաս ամիս։
 
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նախաձեռնեց լայնածավալ ռազմական հարձակում Արցախի վրա։ Ամեն ինչից զրկված, անմարդկային հալածանքների ենթարկված ու հյուծվաց բնակչությունը այլևս ունակ չէր դիմակայելու Ադրբեջանի հարձակումներին և 120.000 հայ ստիպված սկսեցին լքել իրենց հայրենի տները, բռնելով գաղթի ճանապարհը։ Մի ողջ երկիր մի քանի օրում դատարկվեց։ Արցախը ամբողջությամբ կորսվեց։
Այս ամենի ուղիղ պատասխանատվությունը կրող Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն ոչինչ չարեցին այս արհավիրքը թույլ չտալու համար, այլ հաճախ իրենց գործողություններով Ադրբեջանի իշխանություններին փոխլրացնելով նպաստեցին իրադարձությունների նման զարգացմանը։
Անձամբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Ալիևին տվեց լեգիտիմ իրավունք զենքի ուժով վերջնականապես լուծելու Արցախի հարցը։
 
Միևնույն ժամանակ Հայաստանում հնարավոր դժգոհությունների մեծ ալիք թույլ չտալու համար իշխանական ողջ պրոպագանդան առավոտից իրիկուն լծված էր սեփական հանրությանը կեղծ և շինծու թեզերով մոլորեցնելու, մարդկանց զգոնությունը բթացնելու և հնարավոր լուրջ հակազդեցությունները կանխելու գործով:
Նրանք, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, պետք է իմանան, որ դա զուր չի եղել։ Անհրաժեշտ է վերջապես ոտքի կանգնել ու կոտրել ամոթի և անարժանապատվության այս շղթան, որով շղթայել են Հայաստանը և հայ ժողովրդին։ Եվ այդ շղթայի առաջին օղակը այսօրվա իշխանություններն են, որոնք շահավետ են բոլորին, բացի հայ ժողովրդից։
 
Կամք, իմաստություն և ուժ եմ մաղթում մեր ազգին»։