«Հրապարակը» գրում է․ ՔՊ կուսակցության երեկվա նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը չթաքցրեց նաեւ ինքը՝ Փաշինյանը, նիստից հետո գրելով․ «ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր։ Մի լավ քննադատեցինք իրար, ընդ որում՝ բավականին անողոք»։ Բայց մինչ նիստից մանրամասներ հայտնելը, հիշենք, որ երեկվա հավաքին ՔՊ-ում անհամբեր էին սպասում ոչ թե այն բանի համար, որ միմյանց քննադատեին Արցախը հանձնելու, զոհեր տալու, երկիրն այս վիճակին հասցնելու համար, այլ նեղ անձնական դրդապատճառներով։ Բանն այն է, որ իշխող թիմում ներքին հակասություններն այնքան են խորացել, որ կուլիսներում իրար միս կրծելուց բացի, արդեն հրապարակավ են իրար մեղադրում կոռուպցիայի, հովանավորչության եւ այլնի մեջ։
«Պանդորայի արկղը» բացել են Արփի Դավոյանը, Լուլուն, Արմեն Խաչատրյանը՝ շաբաթներ առաջ նախաձեռնող խմբի նիստում խոսելով որոշ թիմակիցների կոռուպցիոն գործունեության մասին։ Տիգրան Ավինյանի, Արմեն Փամբուխչյանի, այդ չարաբաստիկ նիստից հետո պաշտոնանկ արված Գրիգոր Մինասյանի եւ այլոց անուններն են տվել, որոնք, ըստ բանախոսների, իշխանափոխությունից հետո կասկածելի ճանապարհներով մեծ հարստության տեր են դարձել, ոմանք ստվերային գործարքների մեջ են, ինչը բացասաբար է ազդում թիմի հեղինակության վրա։ Հենց այդ նիստից հետո նախաձեռնվեց Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը, ինչը ՔՊ-ն ալեկոծեց, բաժանեց բանակների: Հետո բացահայտվեց, որ «կոռուպցիոներ նախարարի» հարցն օրակարգ է բարձրացվել Անդրանիկ Քոչարյանի «քավորությամբ», որը փորձում է արփիդավոյանների ու լուլուների ձեռքով ոչնչացնել ոմանց։
Երբ ՔՊ վարչությունը մեկը մյուսի ետեւից մերժեց Անդրանիկ Քոչարյանի նախընտրած նախարարացուներին` Արփի Դավոյան, Արմեն Խաչատրյան, ՔՊ-ականների կարծիքով` Անդրանիկ Քոչարյանն անցել է հակագրոհի` Հրաչ Հակոբյանի, Սիսակ Գաբրիելյանի, Արմեն Բամբուխչյանի, Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի մասին այնպիսի հայտարարություններ է արել, որ հարուցել է վերջիններիս զայրույթը: Կրակին յուղ է լցրել նաեւ այն, որ Ալեն Սիմոնյանն առաջադրել է Արփի Դավոյանի թեկնածությունը, բայց մի քանի օր անց Սիսակ Գաբրիելյանին է ներկայացրել որպես նախարարի թեկնածու: ՔՊ վարչությունը բաժանվել է թեւերի` այս կամ այն թեկնածուի օգտին։ Չնայած Սիսակ Գաբրիելյանը բացարկ ներկայացրեց, բայց դա չհանդարտեցրեց արդեն փոթորկված կրքերը։ ՔՊ-ի ներքին խժդժություններն այնքան են սրվել, որ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումներին ՔՊ-ից հաշված մարդիկ էին ներկա, իսկ գլխավոր դատախազի` ամբիոնում նստելը, Քյարամյանի` Հովիկ Աղազարյանին ուղղված մեղադրանքներն էլ ավելի են սրել հակասությունները։
Ի դեպ, կառավարությունում Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել՝ 2024-2026 թթ. ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի վերաբերյալ, որին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարյանը։»։