Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչից, որին ԱԱԾ-ն այսօր ձերբակալել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով:
Դպրոցի աշակերտներից մեկի ծնողը մեր թղթակցին պատմեց, որ ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աղջիկ երեխաներին, սակայն աշակերտները վախեցել են այդ մասին բարձրաձայնել:
Ըստ ծնողի` ի վերջո, աշակերտները որոշել են տեսանկարահանել ուսուցչին, որ փաստեր ունենան: ԱԱԾ-ն էլ փաստերի հետքերով այսօր ներխուժել է դպրոց ու դասի ժամին գետնին տապալել ուսուցչին, ապա ձերբակալել:
Ծնողը նշեց նաև, որ դպրոցի տնօրենը շոկի մեջ է կատարվածից, քանի որ իր ղեկավարած դպրոցը միշտ հայտնի է եղել որպես օրինակելի դպրոց:
ՀՀ քննչական կոմիտեն արդեն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
201-րդ հոդվածը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն՝ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը (201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
Բացի այդ, նշվում է, որ հանցանքը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ (201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։
Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։