Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից․ Վիրահատության հակացուցում չի եղել. «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկան պարզաբանում է տարածել


Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից․ Վիրահատության հակացուցում չի եղել. «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկան պարզաբանում է տարածել
Հոկտեմբեր 10 11:56 2024

«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝  պարզաբանելով, թե ինչ պայմաններում է 56-ամյա բուժառուի առողջական վիճակը վիրահատության ընթացքում կտրուկ վատացել, ինչից հետո վերջինս տեղափոխվել է այլ հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

«Շատ եմ ցավում, որ երեկ մահացել է վիրահատության համար ինձ դիմած բուժառուն։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին։

Բուժառուի մահն ինձ համար կրկնակի ծանր է, քանի որ նրա հարազատը շուրջ մեկ տարի առաջ ինձ մոտ վիրահատվել էր, ինչից հետո մեր միջև ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։

Խոսելը ծանր է, բայց մյուս կողմից հանրությունն ակնկալում է պարզաբանում։

Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել։ Մեր բժշկական թիմը մասնագիտական պարտականություններն իրականացրել է լիարժեք և ջանասիրաբար։

Խորապես ցավում եմ ու կիսում հարազատների վիշտը»,-գրել է կլինիկայի հիմնադիր տնօրենը։