Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի խատգամը մյուռոնօրհնության արարողության առիթով .
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Որ ոք օծցի ի սմանէ երկիւղած լիցի յԱստուծոյ
եւ աներկիւղ ի հակառակորդէն»։
«Ով օծվի Սրանով (Մյուռոնով), երկյուղած
պիտի դառնա Աստծուց և անվախ թշնամուց»։
(Կանոն Սրբալույս Մյուռոնի Օրհնության)
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ շնորհը պարգևեց Մեզ Վարագա Սուրբ Խաչի տոնի նախօրեին՝ Սուրբ Գևորգ զորավարի հիշատակի օրը, կատարելու Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, որը անցնող տարիների աղետաբեր իրադարձությունների պատճառով անհնար եղավ իրականացնել։ Թող Աստծո բարեգութ կամքով նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնը երկնապարգև բարիքներ բերի մեր կյանքից ներս, հոգևոր ուժ ու վերհառնումի զորություն՝ պատերազմի արհավիրքներ ու կորուստներ կրած մեր ժողովրդին։
Սիրելիներ, Սրբալույս Մյուռոնի օրհնությունը մեզ հիշեցնում է նվիրական օրերը հայոց դարձի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ, բիբլիական Արարատի վեհապանծ հայացքի ներքո, մեր ժողովուրդը մկրտվեց և օծվեց մեր Տիրոջ կողմից օրհնված և Սուրբ Թադեոս առաքյալի միջոցով Հայաստան բերված սուրբ յուղով և մեկ դարձավ Քրիստոսով ու իր Սուրբ Եկեղեցիով։ Ազգս հայոց շնորհը ստացավ լինելու Աստծո սեփական ժողովուրդ և առաջինը աշխարհում քրիստոնեությունը հռչակելու պետական կրոն։ Հավատակերտ այդ ժամանակներից ի վեր փրկության սուրբ լեռն Արարատ և Միածնաէջ Մայր Տաճարը դարձան սրբազան և անջնջելի խորհրդանիշ մեր հավատքի ամրության և հայոց հավերժ լինելության։
«Ով օծվի Մյուռոնով, երկյուղած պիտի դառնա Աստծուց և անվախ՝ թշնամուց»։ Մյուռոնօրհնության աղոթքի ազդու այս խոսքերն են այսօր մեծ ուժականությամբ հնչում ի լուր ամենքիս։ Մեր հայրերի այս պատգամը ուղեկցել է մեր ժողովրդին պատմության ողջ ընթացքում, զորացրել ապրելու Աստծո սիրո երկյուղով և արիացրել թշնամյաց դեմ պայքարներում, քաջալերել լինելու պաշտպանը սրբազան արժեքների, մեր ինքնության և նվիրյալը հայրենիքին ծառայության։
Մյուռոնը տեսանելի նշանն է Սուրբ Հոգու ներկայության։ Սուրբ Մյուռոնի դրոշմով աստվածային օրհնության աղբյուրն է բացվում անհատի և ժողովրդի կյանքում։ Մյուռոնով օծյալը արժանի է դառնում աստվածային երկնառաք շնորհների, նորոգվում բարին խորհելու և արարելու, ապրելու Աստծո երկյուղով և անվախ՝ ընդդեմ չարի։ Սուրբ Մյուռոնի կնիքը հաստատումն է Քրիստոսի հետ միության և Սուրբ Եկեղեցուն անդամագրության, այլև ազգային ինքնության և առհավատչյան առ Աստված հավատարմության։
Սրբալույս Մյուռոնը դարեդար միմյանց է շաղկապել աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին, միավորել հայրենիքն ու սփյուռքը։ Սուրբ Մյուռոնով մենք մեկ ազգ ենք և մեկ Եկեղեցի։ Այսօր էլ Սուրբ Մյուռոնը, Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով ընծայվելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին, վերստին ամրապնդում է ի հոգևորս անլուծանելի մեր միասնականությունը։ Մյուռոնը դարձել է հայության երակներում հոսող արյուն, որ հոգևոր ներուժով զորացնում է ազգին արիությամբ դիմագրավելու փորձությունները, ինչպես և մերօրյա մարտահրավերները՝ ըստ մեր հայրերի աղոթական հորդորի. «Մյուռոնով օծյալը երկյուղած է միայն ու միայն Աստծուց, և անվախ՝ թշնամիներից»։
Սիրելիներ, աշխարհն այսօր կրկին փոթորկված է հակամարտություններով ու հակառակություններով, որոնք խաթարում են ներդաշնակությունը ընտանեկան կյանքում, մարդկային հարաբերություններում և հասարակության մեջ սերմանում թշնամանք ու անհանդուրժողություն, հրահրում պատերազմ, սփռում ավեր ու արհավիրքներ։ Մեր երկիրն ու ժողովուրդը նույնպես գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների և աղետներից ու վշտագին կորուստներից վերհառնումի հրամայականի առջև։ Մենք հավատում ենք, որ աշխարհն անտարբեր չէ ցավի ու բռնության նկատմամբ, հավատում ենք, որ մարդկային սրտերում չեն ցամաքել սերն ու կարեկցանքը, արդարություն ու իրավունքի գերակայություն հաստատելու ձգտումը։ Մյուռոնօրհնության նվիրական այս արարողությունը պատեհ առիթ ունենալով՝ վերստին դիմում ենք միջազգային հանրությանը և մեր քույր Եկեղեցիներին, ի դեմս մեզ աղոթակից եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչների, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պարտավորությունն ու պատասխանատվությունը մերն է, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները, առավել ամրապնդել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել հայրենիքում մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի վերականգնման՝ մեզ ուղեկից դարձնելով արդարությունը, խիզախությունն ու ազնվությունը։ Այս պայմաններում առ Աստված ապավինությունն ու հույսը խարիսխ և զորություն են՝ մեզ պատուհասած արհավիրքներից վերհառնումի և զորեղ հայրենիքի կերտման։ Արդ, սիրելիներ, թող այս նոր մյուռոնը լինի հույսի և վերհառնումի մյուռոն, լուսաշող վկայություն ազգային ու հայրենական մեր կյանքը վերընձյուղելու վճռականության և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարմամբ մեր բարօր գալիքը կառուցելու հաստատակամության։
Հայրապետական Մեր հորդորն ու պատգամն է աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ մյուռոնադրոշմ պահել մեր կյանքի ընթացքը, հաստատուն մնալ մեր պետության շահերի պաշտպանության դիրքերում և չվտանգել ազգի ապագան, քանզի ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազները, հրաժարվել սեփական պատմությունից։ Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը։ Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող անարգել ու արհամարհել հայրենակից ու բարեկամ իր քույրերին ու եղբայրներին, քանզի ասված է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհ. 4.20): Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, կոչված է դառնալու ճշմարտության առաջամարտիկ, բարիքի կերտող և սիրո քարոզիչ։ Եվ վերջապես, ով օծված է Սրբալույս Մյուռոնով, նա երկյուղած պիտի լինի միայն ու միայն Աստծուց, և աներկյուղ՝ թշնամիների ու սպառնալիքների առջև, քանզի, ինչպես ասում է Սուրբ Առաքյալը, «Աստծո տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1.25)։
Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, սիրելի արցախահայեր, աննկուն և անվհատ դիմագրավեք նեղություններն ու դժվարությունները։ Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքի պահանջատիրության մեջ։ Այս սուրբ խորանից Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ հայցելով, որ երկնային շնորհները հեղվեն ձեր կյանքից և ընտանեկան հարկերից ներս։ Որպես Հայրապետ Ամենայն Հայոց՝ հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին:
Մյուռոնօրհնության հոգենորոգ այս առիթով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում արարողությանը մասնակից եկեղեցական, պետական, քաղաքական, դիվանագիտական գործիչներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրյալ ազգային բարերարներին և ուխտավոր հավատացյալներին։ Հայրապետական Մեր բարձր գնահատանքն ենք հայտնում Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնած ազգային մեծ բարերար տիար Սամվել Կարապետյանին, ով իր նշանակալի ավանդն է բերել ազգային և հայրենական մեր կյանքի շենությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը։ Աստծո ամենառատ օրհնություններն ու մշտանորոգ հաջողություններ Ձեզ, սիրելի բարերար տիար Կարապետյան, և Ձեր բարեպաշտ ընտանիքին։
Աղոթում ենք Երկնավոր մեր Հորը, որ Սուրբ Հոգու շնորհներով աշխարհում առատանան հավատո գործերը, սերն ու բարին, և զորանան խաղաղության ու համերաշխության ուղիները։ Թող Սուրբ Հոգու շնորհաց հանապազ հեղումով անվտանգ ու աներեր լինի մեր հայրենիքը, բարեզարդ՝ համայն մեր ժողովրդի կյանքը, պայծառ ու անսասան՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին։
Թող Սուրբ Մյուռոնի կենարար լույսով հավերժաշող մնա Լուսավորչի կանթեղը հայոց աշխարհում այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։