ԱԺ նիստի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ անպայման պետք է անդրադառնա ընդդիմադիր գործիչների մի քանի հայտարարություններին:
«Կարծես, մի պահ կորցնում ես հոգեկան հավասարակշռությունդ և անպայման պետք է մշտապես արձագանքել, ցույց տալ իրականությունը:
Սիրելի՛ գործընկերներ, բավական է պաթոսախեղդ, կոգնիտիվ դիսոնանս առաջացնող ձեր թեզերով շեղեք մեզ և հանրությանը, չի հաջողվելու: Ապօրինի գույքի բռնագանձման, ՀՀ պետականության և անկախության, ազատության դեմ տարվող հիբրիդային պատերազմի դեմ հայ ժողովուրդը շատ լավ էլ համախմբված է, և իշխանություններն էլ այդ պայքարը տանելու են անշեղորեն:
Բավական է ամեն օր ՀՀ անվտանգությունը, անկախությունը և քաղաքացիներին թիրախավորելով՝ գորգոռաք թիրախավորման մասին: Շատերն այստեղ չեն, սակայն ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես խելագարված ամբոխի նման մտաք սենյակս, պատռեցիք զոհված զինծառայողների նկարները, որոնց շարքում նաև եղբայրս էր, շպրտեցիք վրաներս, վիրավորեցիք և ձեր ղեկավարների առջև պարտքը կատարած՝ դուրս գնացիք:
Որևէ մեկը Հայ Առաքելական եկեղեցուն չի թիրախավորում, մեր ազգային արժեքները չի ոտնահարում, այլ կոնկրետ գծվել են սահմաններ, որ կեղծիքն ու փարիսեցիությունը չպետք է տեղ ունենան մեր երկրում, այդ թվում՝ նաև եկեղեցում, իսկ ՀՀ պետականության դեմ գործող ցանկացած անձ, պետք է համարժեք պատասխան ստանա»,-հայտարարեց նախարարը:
Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին՝ Ավանեսյանը նշեց.«Տիկի՛ն Խամոյան, մենք ժողովրդից միշտ մեկ բան ենք ուզել, ի տարբերություն ձեր ղեկավարների՝ մի քանի անգամ ստացել ենք, դա վստահության քվեն է: Բավական է մեզ տանեք ձեր ծուռ հայելիների աշխարհ, չեխովյան պալատ համար 6, մենք մեր կուռ տրամաբանությամբ, հարցեր առաջադրելու, տրամաբանական պատասխաններ ստանալու հստակ մոտիվացիայով առաջ ենք շարժվելու»: