Նիկոլ Փաշինյանի համար որպես քաղաքական օրակարգ անհետ կորածների և գերիների հարցը գոյություն չունի․ Թագուհի Թովմասյան


Նիկոլ Փաշինյանի համար որպես քաղաքական օրակարգ անհետ կորածների և գերիների հարցը գոյություն չունի․ Թագուհի Թովմասյան
Հունիս 18 19:00 2025

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021թ․-ի հունվարից անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Դրա մասին տեղյակ է Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո ես չեմ տեսել գործնական որևէ քայլ, որ իրականացնի Նիկոլ Փաշինյանն անհետ կորածների վերադարձի հարցը բանակցային գործընթացում ներառելու համար։ Ես այդ ժամանակ դեռ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն էի, բազմաթիվ գրություններ եմ ուղարկել և՛ իրեն, և՛ միջազգային կառուցներին, որպեսզի հասկանանք՝ ե՞րբ են սկսվելու որոնողական աշխատանքները։ Ուզում եմ ասել՝ այդ օրվանից Նիկոլ Փաշինյանը փակել է այս հարցը, իր համար որպես քաղաքական օրակարգ այս հարցը գոյություն չունի»,- այս մասին ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նշենք, որ այս պահին ԱԺ-ի դիմաց Բաղրամյան պողոտան փակել են անհետ կորած զինծառայողների  հարազատները՝ բողոքելով ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից։ Նրանց խոսքով՝ Աբազյանն սկսել էր զբաղվել իրենց երեխաների գործով։

Թովմասյանը նաև նշեց, որ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը  փակել է գերիների հարցը։

«Այսօր, արհամարհական տոնով ասում է՝ մենք ամեն օր աշխատում ենք գերիների հարցով։ Բայց իրականում գերիների հարցն էլ է իր համար փակված, որովհետև «խաղաղության պայմանագրում» , որի շուրջ բանակցում է Փաշինյանը, չկա որևէ կետ գերիների վերադարձի մասին։ Այսինքն՝ որպես քաղաքական օրակարգ Նիկոլ Փաշինյանը չի հետապնդում անհետ կորածների և գերիների վերադարձ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով անհետ կորածների ծնողների այսօրվա քայլին, Թագուհի Թովմասյանը նշեց․ « Անհետ կորածների ծնողները ոչ թե պաշտոնյայի համար են կռիվ տալիս, այլ իրենց վերջին հույսի։ Նրանց վերջին հույսն այն անձնավորությունն էր, որ վերջին շրջանում ակտիվացրել էր անհետ կորածների որոնողական աշխատանքների շուրջ որոշակի գործողություններ։ Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մեկ sms-ով որոշեց, որ նա հոգնած է ու պետք է գնա տուն, այսօր հայտարարեց, որ Աբազյանը հոգնած էր։ Նա որոշում է ՝ ով է հոգնած,ում տրմադրությունն է վատ, ով ՝ որտեղ պետք է լինի։ Մարդիկ իրենց երեխաներին կորցրած եկել են այստեղ հուսահատ քայլեր են անում՝ փակելով Երևանի գլխավոր ճանապարհը։ Այսուհանդերձ, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր հարցը մնում է կուսակրոնության հարցը»։