Թշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա Մինասյան


Թշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա Մինասյան
Հունիս 18 23:18 2025

 

 

 

«Մենք այլևս զգուշացման փուլում չենք։

 

Մենք կանգնած ենք գոյաբանական պատերազմի շեմին՝ մղված հայի հոգևոր ինքնության դեմ։ Սա կարճաժամկետ ճգնաժամ չէ, այլ կազմակերպված ու համակարգված մարտահրավեր՝ Հայաստանի գործող իշխանությունների անմիջական մասնակցությամբ։ Պետական լծակների և պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով այս պատերազմը ներսից է իրականացվում։

 

Թշնամին այլևս սահմաններից դուրս չէ։ Նա պաշտոնյան է, խոսում է պետական կնիքով, գործում է իբրև ժողովրդի առաջնորդ, բայց ծառայում է հակահայ օրակարգին։

 

Այսօրվա իրականությանը Գարեգին Նժդեհի խոսքերը սուր ու տեղին արձագանք են. «Ներքին թշնամին է եղել հայ բազուկը տկարացնողը։ Նա է առաջնորդել օտար զորքերը դեպի հայկական լեռնակղզին։ Նրա դավաճանությունն է հաջողության նժարը հաճախ թեքել թշնամու կողմը»։

 

Այս իշխանությունը բացահայտ պատերազմ է հայտարարում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ օգտագործելով հրապարակային հռետորաբանություն, օրենսդրական ճնշում և կեղծ բարոյական քարոզչություն։ Նպատակը մեկն է՝ խորտակել ազգի հոգևոր ողնաշարը, ջնջել պատմական հիշողությունը, աղավաղել ճշմարտությունը։ Հետապնդվում է հենց այն Լույսը, որն առհավետ փրկության ուղենիշ է եղել հայ ժողովրդի համար։

 

Պետական ղեկավարը, շրջապատված անձնական հավատարմության ու քծնանքի մթնոլորտով, դարձել է ոչ թե ազգային առաջնորդ, այլ՝ իր իսկ ժողովրդի հոգևոր խեղման գլխավոր ջարդարար ։ Նրա խոսքը հաճախ չի տարբերվում թուրք-ադրբեջանական քարոզչության բառապաշարից։ Այս մարդիկ ոտնահարում են դարերի սրբազան ժառանգությունը, պղծում նահատակների հիշատակը՝ փորձելով կտրել այն ամենը, ինչ միավորում է մեզ որպես ազգ։

 

Սա հոգևոր ահաբեկչություն է։ Սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու՝ որպես հաստատության, այլ՝ Աստծու դեմ։

 

Բայց Եկեղեցին, ինչպես Հիսուս Քրիստոս, նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան։ Նա մնում է մեր փրկության աղբյուրը։ Իսկ նրանք՝ կուրացած ամբարտավանությամբ, փորձում են մարել այդ Լույսը, որովհետև այն բացահայտում է իրենց ներքին խավարը․ «Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին» (Հովհ. 3։19):

 

Նրանք վախենում են ճշմարտությունից, խաչից և հավատի կոչից։ Որովհետև այդ արժեքներն այլևս օտար են իրենց դատարկ հոգուն։

 

Բայց հայ ժողովուրդը չի մոլորվում։ Նա տեսնում է։ Նա զգում է։ Նա տարբերում է՝ ով է խաչակիր, և ով՝ խաչամարտ։ Ժողովուրդը գիտի՝ ով է կանգնած Խաչի առջև՝ աղոթքով, և ով՝ քարկոծմամբ։

 

Այս պատերազմը քաղաքական լուծում չունի։ Այն միայն դատաստանի ավարտ ունի։ Նրանք, ովքեր այսօր խաչը հալածում են՝ վաղը կանգնելու են այդ նույն Խաչի առջև՝ մերկ, դատարկ ու անպաշտպան։ Առանց ժառանգության, առանց հույսի։

 

Նրանք չեն հաղթելու։

 

Նրանք դատապարտվելու են։

 

Եվ Եկեղեցին՝ սրբազան անողորմությամբ, կկոչի նրանց՝ «մեղավորացն՝ տանջանք յավիտենական»։

 

Տեր Գրիգոր աբեղա Մինասյան