Հայտնաբերվել է Երևանում տիկտոկերի «Honda»-ն, դրա մոտ կայանված «BMW X6»-ը, «Opel»-ը հրկիզողը. պարզվել է նաև պատվիրատուն


Հայտնաբերվել է Երևանում տիկտոկերի «Honda»-ն, դրա մոտ կայանված «BMW X6»-ը, «Opel»-ը հրկիզողը. պարզվել է նաև պատվիրատուն
Սեպտեմբեր 26 18:37 2024

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ, պարզել, ապա հայտնաբերել են սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկի հարևանությամբ գտնվող Կոմիտասի 46 շենքի բակում «Honda Kona», «BMW X6» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները 30-ից ավելի հասցեներում են եղել, իրականացրել են մի քանի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գուրգեն Տոնականյանը:  

Քանի որ նա օպերատիվ տեղեկություններով լինում է տարբեր վայրերում, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները 10-ից ավելի վայրեր են մեկնել և այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ադոնցի փողոցում հայտնաբերում են Գ. Տոնականյանին և գույքի դիտավորյալ վնասման անմիջական ծագած կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է արարքը, Արաբկիրի ոստիկաններն էլ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա այդ արարքը կատարել է պատվիրատուի կողմից իրեն գումար տալուց հետո:  

Արաբկիրի ոստիկաններն ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչները պարզել են նաև պատվիրատուի ինքնությունը:
 
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն թիրախում եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը համացանցում հայտնի տիկտոկեր 45-ամյա Հասմիկ Կ.-ն է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վրացական փողոցի թիվ 10 շենքի բակում ավտոմեքենաներ են այրվում։

Դեպքի վայր էին ժամանել Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել էր, որ այրվել են բակում կայանված «BMW X 6», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկային, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել էին քաղաքացիները։