Շենքը չեն կարող պայթեցնել, քաղաքապետարանի թույլտվությունը չկա. Հայկ Կոստանյանը՝ Պարույր Սևակ փողոցի շենքի մասին


Շենքը չեն կարող պայթեցնել, քաղաքապետարանի թույլտվությունը չկա. Հայկ Կոստանյանը՝ Պարույր Սևակ փողոցի շենքի մասին
Հուլիս 15 12:49 2024

Երևանի Պարույր Սևակ 8, 8/1 և 8/2 շենքերի մի խումբ բնակիչներ դիմել էին Aysor.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ իրենց շենքերի դիմաց գտնվող լքված բազմահարկ շենքը հուլիսի 18-ին պատրաստվում են պայթեցնել: 

Բնակիչները մտահոգություն էին հայտնել, որ շենքի պայթյունը, որքան էլ անվտանգ պայմաններում իրականացվի, կթուլացնի իրենց շենքերի ամրությունը, որոնք շահագործման են հանձնվել 2015-2018 թվականների ընթացքում, և կվնասի հարևանությամբ գտնվող Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բուժում ստացող հիվանդներին։

Aysor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ դեռևս գարնանը «Կամ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի քանդման թույլտվության համար։

«Քանդման թույլտվությունը եղել է քաղաքապետարանի կողմից։ Դրանից հետո ՍՊԸ-ն վերահամաձայնություն է բերել քաղաքապետարան այն մասին, թե ուզում է քանդումն իրականացնել պայթեցման եղանակով։ Դրան քաղաքապետարանը համաձայնություն չի տվել։ Այս պահի դրությամբ քաղաքապետարանը հակված չէ, որ շենքի քանդումն իրականացվի պայթեցման եղանակով, հետևաբար, առանց մեր համաձայնեցման և որոշման, քանդումը չեն կարող իրականացնել պայթեցման եղանակով»,-հայտնեց Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, շենքը նախկինում պատկանել է ՊԵԿ-ի «Հատուկ կապ» ՓԲԸ-ին: