«Ինչքա՞ն կարելի է ասել՝ Ղարաբաղը հաձնեցին․ Լավ, այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում». Միրզոյանը պնդեց՝ ԱԳՆ-ի պատասխանը աղավաղել են


«Ինչքա՞ն կարելի է ասել՝ Ղարաբաղը հաձնեցին․ Լավ, այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում». Միրզոյանը պնդեց՝ ԱԳՆ-ի պատասխանը աղավաղել են
Ապրիլ 16 18:09 2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե ընդդիմադիրները աղավաղել են և տրամագծորեն հակառակ լույսի ներքո են ներկայացրել ԱԳՆ-ի՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցման պատասխանը, համաձայն որի ասվել է, որ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

«Ի պատասխան ԶԼՄ-ի հարցման՝ որքանով է Իլհամ Ալիևի ասածը ճիշտ, ասել ենք՝ իսկապես զբաղվել ենք, ինչպես և քանիցս հրապարակավ հայտարարել ենք այդ շրջանում, որ մենք  փորձում ենք ՀՀ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրել ԼՂ  հայության իրավունքների և անվտանգության հարցերը, այդ թվում ՝ ուղիղ խոսակցությամբ միջազգային երաշխքիների, մեխանզիմների ստեղծման ճանապարհով։ Այդ թվում՝ ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպման ուղղությամբ։ Մենք վստահ էինք, որ այդ մեխանզիմի ստեղծման պարագայում, երխոկոսության պարագայում հնարավոր էր որոշակի հարցեր լուծել։ Սա է եղել մեր պատասխանը, և փաստ է՝ բռնի տեղահանությունից հետո  և ինքնալուծարման վերաբերյալ հանրահայտ փաստաթղթից հետո այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել՝ պարզ պատճառով, որ այդտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք։ Սա է եղել ԱԳՆ-ի արձագանքը»,-ասաց Միրզոյանը։

Նա պնդեց, թե իրենց կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որ արցախցիների իրավուքների և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի․ «Հիմա մեղադրում են մեզ այդ հարցը օրակարգից հանելու համար՝ այն պարագայում, երբ մենք ասում էինք՝ նշաձողը իջեցնելն է պետք, որ կարողանանք խոսակցություն ունենալ, իսկ մեզ մեղադրում էին դավաճանության մեջ, հողեր ծախելու մեջ»,-ասաց Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ իրենք հրաժարվում էին մասնակցել այդ մասին խոսակցությանը։

«Այդ թվում նաև այստեղ  նստած մարդկանց դրդմամբ՝ հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։ Հիմա մեզանից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում։ Այս հարցերի պատասխանը լրջորեն պետք է տրվի՞, թե՞ ոչ։ Ինչքա՞ն կարելի է ասել՝ Ղարաբաղը հաձնեցին։ Հիմա գիտե՞ք՝ ինչ են ասում՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց։ Լավ, այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,-նշեց Միրզոյանը։