«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, Արագածոտնի մարզում բավականին կառուցողական հանդիպում է ունեցել բյուրականցիների հետ։ Աշխատանքի բաժանում է արվել, պատասխանատուներ են նշանակվել, որոնք կկազմակերպեն՝ ինչ անել եւ ինչպես մարզի բնակիչներին առաջիկա գործողություններին պատրաստել։ Սրբազանն Արագածոտնում այցելել է Օշական եւ Բյուրական: Թե ինչու Ապարան եւ Աշտարակ չեն գնացել, նրա կողմնակիցներից մեկը վստահեցրեց, որ առանձին այցեր էլ են նախատեսվում, հատկապես՝ Ապարան։
Ուշագրավ է, որ Արագածոտնի հոգեւոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին: Իհարկե, թեմի առաջնորդի նստավայրն Աշտարակում է, սակայն ցանկության դեպքում նա կարող էր, ի նշան աջակցության, հանդիպում ունենալ սրբազանի հետ, հատկապես որ նա այն հոգեւորականներից է, որ շարժման մեկնարկից հետո` ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։ Շարժման ակտիվը սպասել է նրա այցին եւ այդ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չի կայացել, ինչը թերեւս բացատրվում է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին եւ կաթողիկոսն անձամբ հետ են քաշվել պայքարից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 07․ 24 թ համարում։