«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանը հաջորդ շաբաթ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեկնածուները երկուսն են՝ Վաղարշ Աղաբեկյանը եւ Նարինե Ավետիսյանը:
Վերջինս, ի դեպ, արդեն երկրորդ անգամ է առաջադրվում այս պաշտոնի համար:
Դեռ նախորդ տարի` դեկտեմբերին, ԱԺ-ն ԿԿՀ անդամի ընտրության հարցն էր քննարկում, Նարինե Ավետիսյանը կրկին առաջադրել էր իր թեկնածությունը՝ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:
ՔՊ-ն, սակայն, արհամարհեց երկու կին թեկնածուներին եւ չմասնակցեց քվեարկությանը, ինչի արդյունքում Հայկուհի Հարությունյանը եւ Նարինե Ավետիսյանը չընտրվեցին:
Հիմա, փաստորեն, Նարինե Ավետիսյանը որոշել է կրկին փորձել, միգուցե այս անգամ հաջողվի՞ նրան ՔՊ-ի սիրտը շահել:
Նա, ի դեպ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետի պաշտոնակատարն էր:
Մյուս թեկնածուն էլ՝ Վաղարշ Աղաբեկյանը, արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, իսկ նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետներից է եղել, աշխատել է նաեւ Արցախի դատախազությունում:
Հետաքրքիր իրավիճակ է սպասվում»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։