5 տարի քննարկում ենք, ի վերջո եկանք եզրակացության, որ կարող ենք ու գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը, կաթից չպատրաստված թթվասերից: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլորս գիտենք՝ գնում ենք խանութ, ձեռք ենք բերում ապրանք, որի վրա գրված է թթվասեր, հետո պարզվում է՝ թթվասեր մակնշմամբ ապրանքների մի հսկա մասի մեջ կամ կաթը շատ քիչ է, կամ առնվազն շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործում: Մենք չենք ասում՝ դա որպես սնունդ վտանգավոր է, բայց մենք ինքներս մեզ համար պետք է որոշենք՝ ի՞նչ է թթվասերը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ եթե կարելի է ոչ կաթից թթվասեր պատրաստել ու վրան գրել՝ թթվասեր, ուրեմն կարող ենք մսից էլ պատրաստել ու վրան գրել՝ թթվասեր, ի՞նչն է խանգարում:
«Կաթնամթերքը պետք է լինի կաթնամթերք, ու կաթնամթերքի վրա պետք է լինեն տեսանելի գունանշումներ, որ այս թթվասերը կաթից պատրաստած է, իսկ մյուսը պետք է լինի ուրիշ գույնով, որ մարդն իմանա՝ այդ թթվասերի մեջ կաթ գուցե կա, բայց ամբողջը կաթից չէ։ Եվ պետք է խանութում դրանք դրված լինեն տարբեր դարակաշարերում»,- ասաց նա:
Ապա Փաշինյանը նշեց՝ պայմանավորվում ենք, որ, օրինակ, կանաչ պիտակովը թթվասերն է, իսկ նարնջագույնը՝ գրեթե թթվասերը:
Փաշինյանի խոսքով՝ կաթնային ապրանքատեսակների գները կբարձրանան։ Նա հայտարարեց, թե նախորդ նման փոփոխությունից հետո շուկայում հայտնվել է 1-2 ընկերություն, որոնք արտադրում են բացառապես կաթնային հիմքով կաթնամթերք, ինչը կառավարության շնորհիվ է եղել։