Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը. Փաշինյանը՝ կնիքից Արարատի նշանը հանելու մասին


Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը. Փաշինյանը՝ կնիքից Արարատի նշանը հանելու մասին
Սեպտեմբեր 18 14:35 2025

Ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը:

 

«Անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։ Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը»,- հայտարարեց նա:

Փաշինյանը նշեց, որ մինչև 2004 թվականն այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ բացակայությունը, ու երբ դրոշմը հայտնվել է, դա՞ ինչ է նշանակել։

 

«Առաջիկայում ես կխոսեմ հայրենասիրության այն մոդելի մասին, որի շրջանակներում կայացվել են բոլոր որոշումները, իսկ հիմա այդ բոլոր քայլերը, որ իրականացնում ենք, իրականացնում ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ուժեղացնելու համար: Մենք դա անում ենք Հայաստանն առավելագույնս պատասխանատու միջազգային անդամ դարձնելու համար»,- ասաց վարչապետը։

Ապա նա օրինակ բերեց. «Բոլոր նրանք, ովքեր, օրինակ, լուսացույցի կարմիր լույսի ներքո կանգնում են, դա նրանից է, որ երթևեկության մյուս մասնակիցներից վախենո՞ւմ են, դա նրանից է, որ երթևեկության մյուս մասնակիցները սպառնացե՞լ են իրենց, իհարկե ոչ: Նրանք դա անում են, որովհետև ուզում են ապահովել իրենց բնականոն կյանքը, և մենք սա անում ենք ՀՀ բնականոն կյանքը ապահովելու համար»: