ՀԱԷԿ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ


ՀԱԷԿ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ
Հուլիս 1 10:50 2024

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թվականի համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին տասնօրյակում:

Ինչպես հայտնում են ՀԱԷԿ-ից, ՊՆՎ-2024-ի շրջանակներում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և 4-րդ տուրբոգեներատորի միջին նորոգում, ռեակտորի իրանի հիմնական մետաղի և ներիրանային սարքերի վերանորոգում և վերահսկում, վթարային կարգավորիչ, փոխհատուցիչ կասետների (ՎԿՓԿ) շարժաբների առանցքակալների փոխարինում և հետազոտություն, գլխավոր փակիչի կափույրի հիմնանորոգում և զննում՝ Շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի շրջանակում:

Ընթացող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են նաև «ՀԱՅԱՏՈՄ», «Էներգոնորոգգարանտ», «Վոլտ ամպեր», «ԻՍ ԷՆԵՐՋԻ», «ՊՐՈԹԵՐՄ», «ՊՐՈՄՄՈՆՏԱԺ» ընկերություններից, ինչպես նաև Ռուսաստանից, Խորվաթիայից, Չեխիայից և Ուկրաինայից ժամանած փորձառու մասնագետներ:

ՊՆՎ-2024-ի ավարտին հաջորդող փորձարկումների և ստուգումների արդյունքում տրված փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կմիանա Հայաստանի միասնական էներգահամակարգին: