ՀԲ-ն 110 միլիոն դոլարի վարկ կտա՝ ի աջակցություն ՀՀ «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին


ՀԲ-ն 110 միլիոն դոլարի վարկ կտա՝ ի աջակցություն ՀՀ «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին
Հուլիս 1 10:39 2024

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս մասի հայտնում են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից։

Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը և «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:
 
Թեև Հայաստանի առողջապահական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում բարելավվել են մոր և մանկան առողջության ուղղությամբ, այնուամենայնիվ ոչ վարակիչ հիվանդությունները դեռևս մահացությունների և հիվանդությունների ամենամեծ բաժինն են կազմում։ Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ցածր մակարդակը և առողջապահական համակարգի ցածր արդյունավետությունը նպաստում են մեծ ծախսերի, ինչը հանգեցնում է բնակչության շրջանում սեփական միջոցներից մեծ վճարումների («գրպանից վճարումների»): Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացիկ ծախսերի՝ նմանատիպ վճարումների մասնաբաժինը աշխարհում ամենաբարձրներից է (2021թ. կազմել է 81,4 տոկոս)։

«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում և բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական և կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, և առողջապահությունն ավելի մատչելի  դարձնել բնակչության համար», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

«Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ծախսերի արդյունավետությունը, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորվող հիմնական դեղերի գնագոյացման այնպիսի մեխանիզմի կիրառում, որը հիմնված կլինի միջազգային գների համեմատությունների վրա։

Ծրագրի շահառուների շրջանակը Հայաստանի ողջ բնակչությունն է, ով կստանա ավելի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: Ակնկալվող արդյունքներից են․ առաջնային բուժօգնության հաստատությունների ֆինանսավորման այնպիսի համակարգի ներդրում, որի հիմքում են որակի և ծածկույթի ցուցանիշները, բուժքույրերի և ընտանեկան բժիշկների բարելավված ուսուցում, նշանակված դեղերի ցածր գների ապահովում և ընթացիկ առողջապահական ծախսերում «գրպանից վճարումների» մասնաբաժնի կրճատում»,- հայտնում են ՀԲ-ի հայաստանյան գրասենյակից։