Հայրենի հողի արժեքը՝ 300 դրամ.«Ժողովուրդ»


Հայրենի հողի արժեքը՝ 300 դրամ.«Ժողովուրդ»
Հունիս 25 08:08 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Վարդենուտ գյուղի բնակիչները բողոքում էին ՀՀ կառավարության` 2023 թ. մարտի 2-ի որոշմամբ գյուղի հողերը գերակա շահ ճանաչելու դեմ, որոնք պետք է օգտագործվեն «ՌԻԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման` «Արագած» ներդրումային ծրագրի իրականացման համար։ Առաջարկվում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային եւ էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծել, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերին։

 

Հարկ է նշել, որ կառավարությունը հանրային գերակա շահի վերաբերյալ որոշում է կայացրել 113 հա տարածքի վերաբերյալ։

 
 

Ըստ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի՝ պատճառը բնակիչների եւ «ՌԻԴ» ՍՊԸ-ի միջեւ անհամաձայնությունն է։ Բանն այն է, որ իշխանության կողմից մեկ տարի առաջ հաստատված ծրագրի շրջանակում ծրագրի իրականացման տարածքում համայնքի բնակիչներին պատկանող հողի գնահատված արժեքը 270-ից 300 դրամ է կազմել։ Այսինքն՝ հայրենի հողի մեկ քառակուսի մետրն արժե 300 դրամ։

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի պնդմամբ՝ քաղաքացիների պահանջը ֆինանսական է՝ շատ գումար. իսկ որոշ մասը իր հողամասը վաճառել պարզապես չի ցանկանում։

 

Գրեթե 113 հեկտար հողային տարածքի վրա կառուցվող «Արագած» ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 190 մլն դոլար։

Այս գումարների միջոցով կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով եւ այլն։ Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ եւ 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ՝ ըստ նախագծի:

Նշենք, որ ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել «ՌԻԴ» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին: Ռուբեն Գրիգորյանը հայտնի ներդնող է Հայաստանում, նա անգամ ֆինանսավորել է Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» կուսակցությանը:

 

Կադաստրի կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչպես է որոշվել հողերի կադաստրային արժեքը: Խնդրեցին հարցում ուղարկել, քանի որ տարբեր բանաձեւեր կան հողերի կադաստրային հարցերի որոշման համար։

Քաղաքացիների կողմից Երեւան-Ապարան մայրուղու փակվելուց, ապա բացվելուց ժամեր անց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ այս խնդրի մասին բարձրաձայնել է դեռ դեռեւս ամիսներ առաջ. «Այս խնդրին անդրադարձել եմ փետրվարին՝ հրապարակումներով, գրություններով, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչակարգի ղեկավարին հարց ուղղելով։

Հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, սակայն հարցը անարձագանք չի մնա, եւ այդ հարցով կզբաղվի էկոնոմիկայի նախարարությունը»:

 

Ստացվում է, որ երկրի ղեկավարն անգամ տեղյակ չէ երկրի հողի արժեքից եւ դրա սահմանման կարգից, պարզապես ծրագրեր է հաստատում եւ միլիոններ է դուրս գրում պետբյուջեից, սակայն ինչպես դրանք կօգտագործվեն, մեղմ ասած, նրան չեն հետաքրքրում. միեւնույնն է՝ նա Իլհամ Ալիեւի պահանջով հեշտությամբ հողերը հանձնում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։