«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է ինքը, կուսակիցների համար անակնկալ փոխել է քննարկման օրակարգը։ Նախապես պայմանավորված են եղել՝ քննարկել առողջապահական հարցեր, սակայն նիստի սկզբում Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականը՝ Եվրոպա՞, Ռուսաստա՞ն, թե՞ տարածաշրջանային զարգացումներ՝ «Ռուսաստան-Իրան-Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան» ֆորմատով։ Եվ հիմնավոր բացատրություն չի տվել, թե ինչու են շեղվում օրակարգից։ Շատերը սկսել են ենթադրություններ անել, վարկածներ քննարկել։
Երեկ էլ ԱԺ ամբիոնը գրաված արեւմտամետներն ու սորոսականներն իշխանություններից պահանջում էին ԵՄ-ին անդամակցության հարցը դնել հանրաքվեի։ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ այս փակ քննարկումները վերսկսելով՝ փորձում է կրկին ակտիվացնել այն թեզերը, թե Հայաստանը չպետք է շտապի ԵՄ անդամության հարցում։ Բայց, ի վերջո, կատարելով արեւմտամետների պահանջը՝ կարդարանա, որ ոչ թե իշխանությունն է Ռուսաստանից պոկվում, այլ Արեւմուտքի գիրկը նետվելու որոշումը կայացրել է հայ ժողովուրդը՝ հանրաքվեով։ Իսկ նախօրեի նիստում ՔՊ-ականների մոտ 90 տոկոսը պնդել է, որ Հայաստանի զարգացումը պատկերացնում են տարածաշրջանային ֆորմատում, պետք չէ շտապել ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հարցում։ Մի քանի հոգի են միայն կողմ արտահայտվել՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ՀՀ ԱԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղարն է։ Ինքը՝ Փաշինյանը, լռել է, կարծիք չի հայտնել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22․ 06․ 24 թ համարում։