Այսօր, ժամը 11:00–ին նախատեսված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից Սուրեն Պետրոսյանի մամուլի ասուլիսը տեխնիկական պատճառներով չեղարկվել է։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում հայտնեցին Պետրոսյանի քաղաքական թիմից։ Այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել, միայն ասացին, որ օրվա ընթացքում Սուրեն Պետրոսյանն այլ ձևաչափով կշփվի մամուլի ներկայացուցիչների հետ։
Մեր տեղեկություններով Սուրեն Պետրոսյանը հանդես կգա տեսաուղերձով, որի ժամանակ կանդրադառնա մի շարք հարցերի։
Հիշեցնենք, որ hունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի դարձավ, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Իրավապահ մարմիններն այնուհետև հայտնեցին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ չկա Սուրեն Պետրոսյանը։
Բախումներից մեկ օր անց տեղեկություններ տարածվեցին, թե Պետրոսյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։
Արդեն հունիսի 14-ին Սուրեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ որևէ պայմանավորվածություն իր հետ չի կարող լինել:
«Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է: Ես իմ ուղուց չեմ շեղվելու», - գրել էր նա:
Նույն օրը երեկոյան, արդեն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը ասել էր․ «Այս պահին շատ կարճ կասեմ, կխնդրեմ ըմբռնումով մոտենաք դրան։ Շատ երկար զրույց է եղել, բայց կարճ ու հստակ ասեմ՝ որևէ պայմանավորվածություններ, իմ անձի հետ կապված եմ ասում, այն էլ գործընթացներից դուրս, տեսականորեն անգամ չի կարող լինել։ Դրա վրա չի կարող ազդել վախեցնելու կամ այլ փորձեր»։
Լրացված
Irakanum.am