ԵՄ-ն Հայաստանին 18 միլիոն եվրո կտրամադրի


ԵՄ-ն Հայաստանին 18 միլիոն եվրո կտրամադրի
Հունիս 20 11:39 2024

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի առաջին եռամսյակում, արժեքը 15 միլիոն եվրո է։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը։

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում՝ աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների ու կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց ու խոցելի խմբերին, ինչպես  նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնմանը»,- մանրամասնեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ այսօր ևս մեկ նախագիծ են հաստատել, ըստ որի՝ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի ևս երեք միլիոն եվրո, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև  ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց  հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության ու զբաղվածության   ռազմավարությունների կիրարկման հարցում։