ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել․ «Հրապարակ»


ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել․ «Հրապարակ»
Հունիս 14 08:22 2024

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը մի խայտառակ՝ անօրինական, հակաբարոյական որոշում է երեկ ընդունել՝ ՊՊԾ-ին հանձնարարելով արգելել ընդդիմադիր պատգամավորների ելումուտը Դեմիրճյան փողոցի մուտքով։ Մինչդեռ ՔՊ խմբակցության պատգամավորներին, նրանց փորձագետներին ու օգնականներին թույլատրված է։ Նշենք, որ, ի տարբերություն Բաղրամյանի մուտքի, Դեմիրճյանի մուտքով հնարավոր է տարածք մտնել ավտոմեքենայով․ իհարկե, խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեն նման իրավունք՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ եւ այլք։

Դիցուք` Սեյրան Օհանյանը Դեմիրճյանի մուտքով է ավտոմեքենայով խորհրդարան մտել, որովհետեւ աստիճանները բարձրանալու խնդիր ունի, եւ նորմալ է, որ Ազգային հերոսին, պատերազմում ոտքը կորցրած մարդուն այդ փոքրիկ հարցում ընդառաջում են։ Բայց երեկ նրան թույլ չեն տվել մտնել՝ ասելով, թե աշխատակազմի ղեկավարի որոշում կա, ըստ որի՝ այս երկրի համար ոչինչ չարած ուսապարկերը կարող են այդ մուտքից մտնել, Սեյրան Օհանյանը` ոչ։

ՀՀ քաղաքացիներին սեւ-սպիտակի բաժանած այս իշխանությունները, փաստորեն, հասարակությանը պառակտելու, մարդկանց սորտավորելու, թշնամանք հրահրելու եւ քաղաքացիական բախումների տանելու հարցում նորանոր բարձունքներ են նվաճում: Իսկ ամբողջ աշխարհում նման քաղաքականությունը ռասիզմ է կոչվում եւ քրեորեն պատժելի արարք է համարվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում