ԲԴԽ նախագահը կհաղթի՞, թե՞ Աննա Հակոբյանի ընկերուհին․ «Հրապարակ»


ԲԴԽ նախագահը կհաղթի՞, թե՞ Աննա Հակոբյանի ընկերուհին․ «Հրապարակ»
Հունիս 13 09:36 2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ այսօր կհրապարակվի 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր՝ ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ հարուցված կարգապահական վարույթով կայացված որոշումը: Դատական համակարգում անհամբեր սպասում են այդ որոշմանը, որից հասկանալի կդառնա նաեւ, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դիրքերն ինչպիսին են: Բանն այն է, որ Նաիրա Հովսեփյանը շաբաթներ առաջ հայտարարեց ԲԴԽ անդամությունը դադարեցնելու մասին, եւ լուրեր տարածվեցին, որ Աննա Հակոբյանի հետ ընկերություն անող այս կինը համարձակվել է չենթարկվել Կարեն Անդրեասյանին:

Տիկինը ԲԴԽ ղեկավարի անբարեհաճությանն արժանացել էր այն պատճառով, որ չէր մասնակցել դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննությանը, քանի որ մտերիմ է Հարությունյանի հետ: Անդրեասյանը փորձում է դատական ողջ համակարգը ենթարկեցնել իրեն, իսկ Աննա Հակոբյանով պաշտպանված Հովսեփյանը փորձել է չենթարկվել: Նա շարունակում է պաշտոնավարել Վճռաբեկ դատարանում, բայց նրա` որպես ամենախայտառակ դատավորներից մեկի վարքի մասին փաստաբանները լեգենդներ են պատմում:

Օրերս, հավանաբար Անդրեասյանին ինչ-որ բան հասկացնելու համար, Հովսեփյանն իր եւ վարչապետի կնոջ լուսանկարն էր հրապարակել` երաժշտության ներքո: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ավարտին մի քանի ամիս է մնացել: Փորձերը` օրենսդրական փոփոխությամբ հասնել ժամկետի երկարաձգման, չեն հաջողվել: Իշխանությունն Անդրեասյանից դժգոհություններ ունի նաեւ դատավորների կողմից ընդդիմադիրներին կալանք սահմանելու հարցերում որոշ «պռավալների» պատճառով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում