Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով, 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Սա, ըստ նրա, նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք։
«Ինչո՞ւ ենք սա անում՝ հստակ մի պատճառով․ մեզ օր առաջ է անհրաժեշտ լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,- նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ապահովել Հայաստանի արյունատար անոթների, կայուն ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, որ հնարավորություն ստեղծվի մարդկանց ու ընկերությունների համար ամենատարբեր ոլորտներում ծավալել արդյունավետ ու ճկուն գործունեություն, ունենալ բարձր արտադրողականություն ու մրցունակություն։
Հովհաննիսյանն ասաց, որ բյուջեի դեֆիցիտը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին։
«Սա նշանակում է, որ մեր քաղաքացիների ու տնտեսվարողների խնայողություններն ուղղվում են վերոնշյալ ենթակառուցվածքների զարգացմանը, խնայողություններն ամենաարդյունավետ միջոցն են երկրի տնտեսական զարգացման համար»,- ասաց Ֆինանսների նախարարը։