«Իրական երջանկություն է տեսնել աշխատանքիդ արդյունքում ժպտացող դեմքեր» .Անահիտ Պետրոսյան


«Իրական երջանկություն է տեսնել աշխատանքիդ արդյունքում ժպտացող դեմքեր» .Անահիտ Պետրոսյան
Օգոստոս 28 00:10 2023

 

Armday.am - ը զրուցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շիրակի մարզի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող՝ Անահիտ Պետրոսյանի հետ։ 

Ի՞նչու որոշեցիք դառնալ  սոցիալական աշխատող։

Սոցիալական աշխատանք մասնագիտության ընտրությունը պատահական չէ, քանի որ դեռ  մանկուց  ունեցել եմ առանձնահատուկ վերաբերմունք աջակցության կարիք ունեցող մարդկանց հանդեպ, իսկ սոցիալական աշխատանքը հնարավոր դարձրեց իրագործել  այդքան կարևոր ցանկությունս, բայց արդեն գրագետ և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ։  Ինչպես ասում են սոցիալական աշխատող չեն դառնում եմ, այլ ծնվում են, քանի որ ամեն ոք չի կարող դառնալ սոցիալական աշխատող, որովհետև սոցիալական աշխատանքը պահանջում է ոչ միայն  մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, այլ նաև անձնային այնպիսի որակներ /ազնվություն, անկեղծություն, մարդասիրություն, համբերատարություն, ապրումակցում/, որոնք որևէ համալսարանում  չեն դասավանդում։ Սոցիալական աշխատանքում հաջողելու համար պետք է մեկտեղված լինեն մասնագիտական և անձնային որակները, որովհետև որևէ մեկի բացակայության պարագայում կատարած աշխատանքը չի ունենա  որևէ արդյունավետություն։ Մասնագիտության հանդեպ իմ վերաբերմունքը առանձնահատուկ է, քանի որ այն  հասարակ անհատին վերածում է իդեալական՝ անձնային և մասնագիտական բարձր որակներ ունեցող մասնագետի։ Իսկ արդեն մասնագիտական դաշտում գործունեություն իրականացնելիս մասնագիտության հանդեպ վերաբերմունքս ու սերս կրկնապատկվեց, քանի որ արդեն շոշոփելով սոցիալական հիմնախնդիրները առավել խորքային և դրանց լուծման գործընթացում ակտիվ մասնակցությունը, հաջողված դեպքերը  ապուցեցին այս մասնագիտության կարևորությունը ինչպես անհատի, այնպես էլ հասարակության կյանքում։

 

Ի՞նչ  դժվարություններ կան․․․

Սոցիալական աշխատողի ամենօրյա աշխատանքը առաջին հայացքից թվում  է բավականին դյուրին, սակայն  այս աշխատանքի դժվարությունը կարող է պատկերացնել և հասկանալ միայն պրոֆեսիոնալ մասնագետը։ Սոցիալական աշխատողը մշատպես աշխատում է  զանազան դժվարությունների և խնդիրների հետ, երբեմն սոցիալական աշխատողներին կոչում են խավարի մասնագետներ, ի՞նչու խավարի, քանի որ սոցիալական աշխատողի գործունեության թիրախում խնդրահարույց և ճգնաժամային իրավիճակներն են, սակայն այդ խավարի մասնագետը շնորհիվ իր մասնագիտական և անձնային բարձր  որակների կարողանում է լուսավորել հազարավոր մարդկանց խավարած կյանքեր։ Սոցիալական աշխատողի համար  առաջին դժվարությունը ներկա պահին մասնագիտության հանդեպ համապատասխան հասարակական վերաբերմունքի բացակայությունն է, քանի որ մեզ շատ հաճախ  ընկալում են իբրև նյութական  ռեսուրս  տրամադրող մասնագետի և շատ հաճախ չեն ընկալում  սոցիալական աշխատանք մասնագիտության առաջնային կարևորությունը; Սոցիալական աշխատողի համար դժվարություն կարելի է դիտարկել նաև էթիկական երկընտրանքները, որոնք մասնագետին երբեմն  տանում են փակուղի, սակայն մեր  պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողանում ենք դա էլ հաղթահարել։  Հաջորդ դժվարությունը որը ցանկանում են նշել կապված է սոցիալական աշխատող մասնագետների աշխատանքային պայմանների հետ։ Շատ հաճախ սոցիալական աշխատողը չի ունենում այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնք կնպաստեն խորհրդառուի հետ աշխատանքի արդյունավետությանը, դրանք կարող են լինել սկսած աշխատանքային սենյակի պատշաճ  կահավորման բացակայությունից, նորարական տեխնոլոգիաների օգտագործման դժվարություններից, գործիքակազմի անհամապատասխանությունից,  և այլն։ Հաջորդ դժվարությունը կապված է  սոցիալական աշխատողի հոգեբանական վիճակի մասնագիտական այրմանն առնչվող խնդիրներին։ Ինչպես ասել է սոցիալական տեսաբան  Մարտին Դևիսը․ Սոցիալական աշխատողներին հարկավոր է ներդաշնակություն, որպեսզի կարողանան հաղթահարել այլ մարդկանց կյանքում տեղ գտած համալիր հիմնախնդիրները, սակայն շատ հաճախ մեզ մասնագետներիս չի հաջողվում  պահպանել ներդաշնակությունը, քանի որ խնդիրների առատությունը երբեմն ստեղծում են դժվարություններ մեր  սիրելի աշխատանքը իրականացնելու գործընթացում,  իսկ այս դժվարություններից խոսափելու նպատակով հարկավոր է  մասնագետների սուպերվիզիոն աջակցությունը /աջակցային, կրթական, վարչական/, մասնագիտական ինքնախնամքը։ Հաջորդ դժվարությունը, որը թերևս կցանականմ նշել  համագործակցային ցանցի  չկունության բացակայությունն է, որը արհեստականորեն երկարացնում է խորհրդառուի խնդրի լուծման գործընթացը։ Իհարկե սոցիալական աշխատողի դժվարությունների շարքը կարելի է թվարկել անվերջ, սակայն կցանականամ նշել այն փաստը, որ չնայած առկա դվարություններին, մարտահրավերներին, որոնց բախվում ենք ամենօրյա աշխատանքում  մենք ունենում են հաջողված դեպքեր, ցանկալի վերջնարդյունք, փրկված ճակատագրեր։

 

Ո՞րն է ձեր գործի  առանձնահատկությունը, ի՞նչ մեթոդներ եք օգտագործում  ցանկալի  արդյունքին հասնելու համար։

Սոցիալական աշխատանքը ինքնին առանձնահատուկ մասնագիտություն է, վերջինիս առանձնահատկությունը սկսվում է այս մասնագիտության անվանումից  ‹‹Սոցիալական աշխատանք››, եթե մյուս մասնագիտությունները կոչում ենք մի բառով, ապա մեր մասնագիտությունը մեկ բառով չի սահմանափակվում,  ինչպես  և իր գործառույթներով։ Երևի չկա այնպիսի մասնագիտություն, որտեղ անհատի կարևորությոնը, եզակիությունը և առանձնահատուկ լինելը այսքան կշեշտադրվի։  Ինձ համար սոցիալական  աշխատանքը առանձնահատուկ է իր ողջ բովանդակությամբ, մյուս մասնագիտությոնների կողքին այն առաջին հերթին տարբերվում է իր գործառույթներով, եթե մյուս մասնագիտությունների դեպքում հստակ են գործառույթները, ապա մեր մասնագիտության պարագայում այն էապես տարբերվում է, քանի որ իր մեջ ներառում է գրեթե բոլոր մասնագիտությունների տարբեր գործառույթներ։ 

 

Ես որպես սոցիալական աշխատող մասնագիտական գործունեություն եմ իրականսցնում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, որն երեխայակենտրոն կառույց է, որտեղ յուրաքանչյուր մասնագետի աշխատանքն ուղղված  է ի շահ երեխայի և ներդաշնակ սոցիալական միջավայրի ապահովմանը։ Սոցիալական աշխատողը մեր կենտրոնում համակարգում է երեխայի  և ընտանիքի հետ իրականցվող աշխատանքները։ Մեր թիրախ խմբերն են՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները / սոցիալապես անապահով, բազմազավակ, միայնակ մոր, միակողմանի  ծնողազուրկ, ամուսնալուծված ծնողների, տարբեր առողջական խնդիրներ ունեցող,  ընտանեկան բռնության ենթարկված, տարբեր առողջական խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող երեխաներն են/  որոնց կյանքը ինչ- ինչ պատճառներով խեղաթյուրվել է, իսկ մեր գլխավոր առաքելությունն է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք կնպաստեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լիարժեք վերականգնմանը, սոցիալական միջավայրում լիարժեք կենսագործունեությանը։

Երեխայի հետ  խնդիրների լուծման գործընթացը կազմակերպվում է բազմամասնագիտական թիմի անդամների կողմի իրականացվող աշխատանքերի շնորհիվ։ Բազմամասնագիտական թիմում ընդգրկված են՝

• Սոցիալական աշխատող

• Հոգեբան

• Սոցիալական մանկավարժ

• Հատուկ մանկավարժ, լոգոպեդ

• Բուժքույր

Իմ ամենօրյա աշխատանքում իհարկե կիրառում են բազում մեթոդներ, մոդելներ որոնց շնորհիվ  կարողանում ենք հասնել ցանկալի վերջանրդյունքի և ունենում ենք հաջողված դեպքեր։ կիրառում ենք հիմնականում անհատական և խմբային աշխատանքի մեթոդները, որոնք առավել  դյուրին են դարձնում երեխայի հետ իրականցվող աշխատանքները։ Անհատական աշխատանքները իրականացվում են ինչպես երեխաների, այնպես էլ վերջիններիս ծնողների հետ, քանի որ մեր կատարած աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է ծնողի ակտիվ համագործակցությունից։ Ծնողի հետ անհատական աշխատանքի ընթացքում տրամադրվում է խորհրդատվություն զրույցի տարբեր տեսակների կիրառմամբ, որն ուղղված է ծնողավարման և կենցաղավարման հմտությունների զարգացմանը, երեխաների խնամքի և դաստիարակության գործընթացում առկա դժվարությունների հաղթահարմանը, սոցիալական միջավայրում երեխայի պաշտպանության ապահովմանը և այլն։ Ծնողների հետ նաև իրականացվում են  ծնողավարման դասընթացներ կապված երեխաների տարբեր խնդիրների լուծմանը։ Նմանատիպ դասընթացների նպատակը՝ ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, երեխաների տարբեր առանձնահատկություններին բխող խնդիրների վերհանումը, ինչպես նաև արդյունավետ ելքերի առաջարկումը։

 

Իսկ երեխաների հետ աշխատանքում արդյունավետ է ինչպես անհատական, այնպես էլ խմբային մեթոդները։ Երկու մեթոդի պարագայում էլ  ունենում եմ դրական արդյունքներ։ Անհատական աշխատանքի կատարվում  է զրույցի, տարբեր զարգացնող խաղերի, տրամանաբական, ստեղծագործական մտածողության զարգացմանն ուղղված միջոցների  կիրառմամբ։ Երեխաների հետ անհատական աշխատանքի նպատակը՝ երեխայի սոցիալական հմտությունների զարգացումն է, տարիքային խնդիրների պատճառով առաջացած բացասական դրսևորումների հաղթահարումը, երեխայի լիարժեք կենսագործունեությանը խոչընդոտող ռիսկերի նվազեցումը և այլն։ Իրականացվում են նաև տարբեր միջոցառումներ կապված ազգային, միջազգային տոների հետ։  աշխատանքերը չեն սահմանփակվում  այսքանով, քանի որ մեր կենտրոնը երեխայակենտրոն է, այն կատարում է աշխատանքներ նաև կենտրոնից պատերից այն կողմ, որտեղ հասարակությունն է, որտեղ յուրաքանչյուր երեխա անկախ իր սոցիալական կարգավիճակից ունի իրավունք լիարժեք կերպով ինքնաիրացվելու և ինքնադրսևորվելու հասարակության մեջ։ Երեխաների համար արվում է հնարավորն ու երբեմն նաև անհնարինը, որպեսզի ապահովվի վերջիններիս բնականոն զարգացումը, այդ իսկ պատճառով մենք նաև կազմակերպում ենք արտակենտրոնային աշխատանքներ՝ ճանաչողական, ժամանցային բնույթ կրող էքսկուրսիաներ  պատմամշակութային վայրեր, տարբեր եկեղեցիներ, ժամանացային վայրեր։  Նմանատիպ աշխատանքները խթանում են երեխաների բոլոր իրավունքների իրացմանը, որոնք շատ հաճախ մեր երեխաների պարագայում լինում են խախտված կամ ոտնահարված։ Մեր առաքելությունը հասարակության մեջ երեխաների համար պաշտպանված սոցիալական միջավայրի ապահովումն է, իրավունքների լիարժեք իրացումը, սոցիալական անարդարության անհավասարության և խտրական վերաբերմունքի ցանկացած դրսևորման բացառումը։ 

Ինչպե՞ս եք մասնակցում աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքներին  հայտնաբերելու միջոցների ձեռնարկմանը և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։

Մեր ամենօրյա աշխատանքում սոցիալական աշխատողի առջև դրված  առաջնային պարտականություն է  համարվում հայտնաբերել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաների և հնարավորինս արագ արձագանքել նման ընտանիքների խնդիրների լուծմանը։ Մեր կենտրոնում  յուրաքանչյուր սոցիալական աշխատող ամսվա կտրվածքով պետք է հայտնաբերի առնվազն 3 կամ 4 նոր կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիք և երեխա։ Հայնտաբերումը բավականին բարդ գործընթաց է սոցիալական աշխատողի համար։ Ընտանիքի հայտնաբերումը  լինում է ինչպես տարբեր կառույցների /ՄՍԾ ՏԿ-ներ, տարածքային պոլիկլինիկաներ, դպրոցներ ԲՀԿ-ներ և այլն/, արդեն իսկ շահառու հանդիսացող ծնողների ուղղորդմամբ, այնպես էլ սոցիալական աշխատողը  սեփական նախաձեռնության միջոցով։ Հայտնաբերելուց հետո սոցիալական աշխատողը կատարում է կարիքի գնահատում  /վերջին շրջանում առավել հաճախ հնչում է իրավիճակի գնահատում/, կատարում համապատասխան տունայց, այնուհետև երեխան ծնողի հետ հրավիրվում է կենտրոն, որտեղ բազմամասնագիտական թիմը  կատարում է կարիքի գնահատում և յուրաքանչյուր մասնագետ տալիս է համապատասխան եզրակացություն գնահատված կարիքի շուրջ /սոցիալական աշխատող, հոգեբան, սոցիալական մանկավարժ, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, բուժքույր։ Մասնագիտական թիմի եզրակացության հիման  վրա երեխա ընդգրկվում է կենտրոն։ Արդյունքում երեխան ստանում է կենտրոնի շահառուի կարգավիճակ։ Ընդգրկման փուլը պահանջում է որոշակի ժամանակահատված, որպեսզի բազմամասնագիտական թիմը ունենա առավել հստակ գնահատված իրավիճակ։ Ընդգրկման փուլից հետո երեխայի համար մշակվում է համապաստխան անհատական սոցիալական զարգացման ծրագիր, ըստ որի յուրաքանչյուր մասնագետ կատարում է իր կողմից պլանավորված աշխատանքները։

 

Աջակցության ի՞նչ ծրագրեր եք իրականացնում։

Իրականացնում ենք հետևյալը․

• Սոցիալ-հոգեբանական աջակցությոն,

• Սոցիալ-մանկավարժական աջակցությոն,

• Հատուկ մանկավարժական, լոգոպեդական աջակցություն

• Առաջնային բժշկական օգնություն և  աջակցություն

• Արտթերապևտիկ խմբային և անհտական աշխատանքներ

• Օտար լեզուների  ուսուցման խմբակ

• Արվեստի խմբակ

• Գեղարվեստական կրթություն /երգ  պար, թատրոն, նկարչական, գորգագործություն/

• Սննդի փաթեթի տրամադրում

• Տրանսպորտային վճարի մասնակի փոխհատուցում

• Գրենական պիտույքների և դպրոցական պայուսակի տրամադրում

• Ձմեռային բաճկոնի և կոշիկի տրամադրում։

Խոցելի  խմբերի հետ աշխատանքը բարդ է, նրբանկատություն պահանջող։ Ի՞նչ  կանոնների պետք է հետևել։

Սոցիալական աշխատողը իր ամենօրյա մասնագիտական գործունեությունը պետք է իրակականացնի սոցիալական աշխատանքի էթիկական կոդեքսի սոցիալական և մասնագիտական արժեքների հիման վրա։

Սոցիալական աշխատանքը հիմնվում է արժեքային 3 կարևորագույն հիմնադրույթների վրա. 

1.Մարդը մեծագույն արժեք է, հետևաբար` միշտ պետք է հարգալից վերաբերել նրան:

2.Անհատը բացառիկ է. նա իրականացնում և զարգացնում է իր բացառիկությունն այլ անհատների հետ փոխազդեցության ընթացքում: 

3.Անհատն ի սկզբանե փոփոխվելու և կատարելագործվելու ունակություն ունի, ազատ է և ունի ընտրության իրավունք:

Համաձայն սոցիալական աշխատանքի մասնագիտական էթիկայի ընդհանուր չափանիշների, սոցիալական աշխատանքի մասնագետը պարտավոր է առաջնորդվել էթիկայի հետևյալ չափանիշներով՝ 

1. զերծ մնալ վարքագծի անմարդկային դրսևորումներից, 

2. պաշտպանել շահառուների շահերին ու հարգել նրանց իրավունքները, 

3. յուրաքանչյուր շահառուի վերաբերել իբրև անհատականության և չնսեմացնել նրա արժանապատվությունը, 

4. հարգել շահառուների անհատական կարծիքը, ցանկությունները և սահմանված կարգով կամ հնարավորության դեպքում բավարարել դրանք, 

5. հարգել շահառուների սեփական կյանքն ինքնուրույնաբար տնօրինելու և տրամադրվող ծառայություններից ընտրություն կատարելու իրավունքը,

 6. ապահովել հավասար հնարավորություններ շահառուների համար, 

7. ցուցաբերել հանդուրժողականություն շահառուների սովորույթների, սովորությունների, համոզմունքների, կենցաղի, նպատակների, նախասիրությունների և արժեքների բազմազանության հանդեպ,

 8. նպաստել շահառուների ինքնօգնության կարողությունների զարգացմանը, 

 9. զերծ մնալ ինքն իրեն և շահառուներին անիմաստ, անհարկի և չարդարացված ռիսկի ենթարկելուց, 10. խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքը և տրված խոստման հնարավոր բացասական հետևանքները, 

11. դրսևորել անաչառություն, այն է՝ չչարաշահել շահառուի վստահությունը, 

12. չստորադասել շահառուների կարիքները կամ շահերը, ելնելով սեփական կարիքներից կամ շահերից,

 13. նպաստել շահառուների անձնական բարեկեցությանը, ինքնուրույնությանը և սեփական հնարավորությունների առավելագույն զարգացմանը, 

14. շահառուների մոտ ձևավորել այլ անձանց իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունք, 

15. հետևել տեղեկատվության գաղտնիության պահպանման և փոխադարձ վստահության սկզբունքներին:

 

 

Ավերտելով զրույցը՝ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ լավագույն զգացումն այն է, երբ տեսնում է աջակցության կարիք ունեցող մարդկանց երջանիկ դեմքերն ու ժպիտները,  տեսնում է մարդկանց ովքեր հավատում են, որ ամեն բան լավ կլինի։

 

Տաթև Այվազյան