ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է


ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է
Մարտ 5 16:08 2024

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովին Հայաստանն արդեն հանձնել է Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Հայաստանը որոշել է ադրբեջանական կողմին հանձնել նրան․ «Զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ըստ Քննչական կոմիտեի՝ նա փետրվարի 28-ին Տեղ գյուղի հատվածում՝ հայկական զինված ուժերի դիրքերի մոտակայքում էր հայտնվել ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:

Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։

«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։