Արմեն Աշոտյանը քաղաքական նկատառումներով է հետապնդվում. Վարդան Հարությունյան


Արմեն Աշոտյանը քաղաքական նկատառումներով է հետապնդվում. Վարդան Հարությունյան
Հունվար 9 21:27 2024

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սկսվել է Արմեն Աշոտյանի գործի դատաքննությունը։

Ժամանակ առաջ «Առավոտ»-ի՝ քաղբանտարկյալ է արդյոք Արմեն Աշոտյանը հարցին ի պատասխան ասել էի, որ ճիշտ գնահատելու համար հարկավոր է սպասել դատական փուլին։

Եթե նախաքննության փուլում մարդուն պահում են կալանքի տակ պատճառաբանելով, թե ընթացքի վրա ազդելու հնարավորություն ունի, ապա դատաքննության փուլում նման վտանգը վերանում է էապես՝ բոլոր վկաները հարցաքննված են, բոլոր ապացույցները հավաքված են։

Երեկ, բայց, դատարանը մերժեց Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությունը։

Չընդունեց ո՛չ 40 միլիոն դրամ գրավը, ո՛չ այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքի տարբերակը եւ ոչ էլ անձնական երաշխավորությունները։

Այս պարագայում արդեն կարեւոր չէ, թե որքան են հիմնավոր կամ անհիմն նրան առաջադրված մեղադրանքները։ Հիմնավոր են դառնում կասկածները, որ նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը, նրա նկատմամբ նման խափանման միջոցի ընտրությունը գլխավորապես պայմանավորված են նրա քաղաքական գործունեությամբ, ունեն ոչ թե արդարադատության կայացման, այլ նրան պատժելու նպատակ, ինչն էլ իրավունք է տալիս ասելու, որ Աշոտյանը քաղաքական նկատառումներով է հետապնդվում։

Այսպես շարունակվելու դեպքում, մարդու իրավունքներին կամայական ու ընտրողական մոտեցում ցուցաբերելու դեպքում, նման որակի արդարադատության դեպքում Հայաստանը շուտով կհայտնվի քաղբանտարկյալներ ունեցող երկրների ցանկում, որտեղ էր մի քանի տարի առաջ։ Կհայտնվի տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային հանրության թիրախում՝ բոլոր քաղաքական ու տնտեսական տխուր հետեւանքներով հանդերձ։

Այս ընթացքը կանխել կարող են միայն իշխանությունները։ Մնում է, որ ողջ վտանգը գիտակցեն»։