Ի՞նչ է մնացել Մատենադարանի արցախյան մասնաճյուղում


Ի՞նչ է մնացել Մատենադարանի արցախյան մասնաճյուղում
Հոկտեմբեր 8 21:31 2023

Մատենադարանի արցախյան մասնաճյուղը՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին: Այստեղ ցուցադրվել են 100-ից ավելի ձեռագիր մատյանների կրկնօրինակներ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի այլ շրջաններից տեղափոխված ձեռագրեր, Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակներ։

2020թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարանի արցախյան մասնաճյուղից Երևան են տեղափոխվել 100-ից ավելի ձեռագիր մատյանների կրկնօրինակներ, հնատիպ գրքեր, արխիվային մեծարժեք փաստաթղթղեր։ Այդ որոշումը կայացվել էր դեռ այն ժամանակ, երբ թշնամին սկսել էր թիրախավորել Արցախի մշակութային հաստատությունները, եկեղեցիները, վանքերը։ Պատերազմի ավարտից հետո այդ ձեռագրերի մոտ 30 տոկոսը վերադարձվել էր այնտեղ, որտեղից դուրս էր բերվել, գրում է Հայաստանի հանրային ռադիոն։

«Մաշտոցյան մատենադարան Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Մերի Դավթյանն ասում է, որ աշխատանքի անցելու առաջին իսկ օրվանից ցանկանում էր հավաքածուն ամբողջացնել ու Երևանում գտնվող բոլոր ձեռագրերը հետ վերադարձնել․ «Բայց ինչ լավ եղավ, որ դա ինձ չհաջողվեց ու գոնե փրկվեց բնաջնջումից»։

Մերի Դավթյանը պաշտոնը ստանձնեց Արցախի շրջափակումից երկու ամիս առաջ։ Այդ ընթացքում հասցրեցին կազմակերպել մեկ հայագիտական համաժողով, իսկ շատ ծրագրեր մնացին թղթի վրա։

Հետո արդեն շրջափակում։ Ստեփանակերտից Գանձասար հասնելը լուրջ խնդիր դարձավ, իսկ վերջին երեք ամիսներին՝ անհնար։ Անգամ գյուղում ապրող աշխատակիցները չէին կարողամում գնալ աշխատանքի, ասում է Մերի Դավթյանը․ «Բացարձակապես վառելիք չկար Արցախում, որևէ տեղաշարժ հնարավոր չէր իրականացնել»։

Մերին ասում է՝ մինչև վերջին օրն էլ նման վերջաբան չեն պատկերացրել․ «Սեպտեմբերի 19-ին շատ կայծակնային սկսվեց պատերազմը։ Ամսի 20-ին արդեն Վանք գյուղից տարհանվում էին, ու մեզ այդպես էլ չհաջողվեց ոչինչ դուրս բերել։ Բայց ամեն դեպքում ես ղեկավար մարմիների, խաղապահ ուժերի միջոցով փորձում էի կազմակերպել, ինչը դարձյալ ինձ չհաջողվեց»։

«Գանձասար» գիտամշակութային կենտրոնում մնացին Շուշիում տպագրված արժեքավոր, Արցախի պատմությանն առնչող գրքեր, ձեռագրերի կրկնօրինակներ և այլն։ Կենտրոնի տնօրենի համար միակ մխիթարությունն այն է, որ դրանց մեծ մասը թվայացվել էր։