Թուրքական «Hürriyet»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպմանը լրջագույն քննարկման հարց է դառնալու Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները:
Ռուս-թուրքական հարաբերությունների բնույթը, դրանցում արձանագրվող մակընթացություններն ու տեղատվությունները, անկասկած, Հայաստանի համար մշտապես ունեցել ու հիմա էլ ունեն կենսական նշանակություն. Հայաստանն առաջինն է սեփական մաշկի վրա զգում այդ հարաբերությունների որակական փոփոխությունները: Այս իմաստով ներկա փուլում սրված ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին կայանալիք հանդիպումը, որի ժամանակ, փաստորեն, քննարկվելու է նաև Հայաստանի հարցը, խիստ էական կարող է լինել մեզ համար, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ Թուրքիան ՌԴ-ի հանդեպ իր լոյալության դիմաց կրկին պահանջի «Զանգեզուրի միջանցքը», ու չնայած այդ հարցում Թուրքիայում որպես հիմնական խոչընդոտ է դիտարկվում Իրանի դիրքորոշումը, բայց Անկարայում հասկանում են, որ եթե Մոսկվայից ՀՀ նկատմամբ ճնշումը մեծ լինի, ապա Սյունքիը հնարավոր կլինի ճեղքել:
Իլհամը հայտարարել է, որ Լաչինի ճանապարհը գործելու է այն նույն ռեժիմով, ինչ որ «Զանգեզուրի միջանցքը»: Կարող է ականատես լինենք հետևյալին՝ Նիկոլը, իբր փրկելու համար արցախահայերի կյանքը, կարող է սկսել գովազդել «Զանգեզուրի միջանցքը» ու համոզել, որ եթե չանենք այն, ինչ ուզում է թուրքը, ապա արցախահայերը կարող են մահվան դատապարտվել: Ասել կուզի՝ եթե Էրդողանին հաջողվի Պուտինից կորզել ոչ միայն հացահատիկի գործարքի հարցում զիջումներ, այլև՝ միջանցքի, Նիկոլը կարող է գտնել հարմար պատճառաբանություն՝ պլանը գլուխ բերելու համար:
Արցախյան ներկայիս անմարդկային խաղը մոգոնվել է նաև, ըստ էության, «Զանգեզուրի միջանցքի» կորզման նպատակով: Նիկոլը պրոբլեմ չունի, մնում է պրոբլեմ չունենան նաև օտարները: