Երեկ՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։20-ի սահմանում Աղավնաձոր գյուղի բնակիչ 27-ամյա Արամ Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115․9 կմ հատվածում Արփի գյուղի վարչական տարածքում մխրճվել է ճամփեզրին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Վարդան Հակոբյանին պատկանող ԿամԱԶ մակնիշի բեռնատարի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Աղավնաձոր գյուղի բնակիչ 58-ամյա Բայթուն Գրիհգորյանը «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Իսկ վարորդ Ա․ Հակոբյանը, Mercedes-ի մյուս ուղևորներ՝ Աղավնաձոր գյուղի բնակիչներ Սուսան Բաղդասարյանը, 45-ամյա Լուսինե Սահակյանն ու Երևանի բնակիչ 11-ամյա Ալեքս Ջաղացպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ԿամԱԶ-ի վարորդը և հրշեջ փրկարարները։ Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
Մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ վիրավորներից Ս․ Բաղդասարյանը վիրահատարանում մահացել է։ Իսկ վիրավորներից 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շամշյանի տեղեկություններով՝ ԿամԱԶ-ը բարձված է եղել ցեմենտով և ունեցել է տեխնիկական խնդիր։ Վարորդն էլ թույլատրելի հատվածում կայանել է մեքենան, լուծել տեխնիկական խնդիրը։ Եվ երբ ավարտել է գործը, այդ ժամանակ Mercedes-ը դեպի Երևան ընթանալիս՝ մխրճվել է ԿամԱԶ-ի հետնամասի մեջ։