ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին աշխատանքային այցով եղել էր Դաղստանում, որտեղ, մասնավորապես, խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ։
Երբ պետության ղեկավարը եկել էր Դերբենտի Նիզամի Գյանջավիի անվան զբոսայգում բացված շատրվանը տեսնելու, քաղաքի բնակիչները ՌԴ նախագահին դիմավորել են խանդավառ բացականչություններով ու ծափահարություններով։ Երիտասարդները բառացիորեն շրջապատել են Պուտինին՝ հարցեր տալով ու նրան հեռախոսով նկարահանելով։
Ինչպես նկատում է բրիտանական Daily Mail-ը, մարդիկ Պուտինին «ռոք աստղի» պես են դիմավորել:
«Սովորաբար մեկուսացված Պուտինն իրեն ոչ բնորոշ ձևով էր պահում՝ սեղմելով մարդկանց ձեռքերը և համբուրելով մի դեռահաս աղջկա ճակատը», - գրում է պարբերականը:
Մինչդեռ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դերբենտում ժողովրդի մոտ դուրս գալը նախագահի վճռական որոշումն էր։
«Հասկանում եք, որ պետության ղեկավարի նկատմամբ հատուկ ռեժիմ է գործում հասկանալի պատճառներով։ Իհարկե, Դերբենտի նման իրավիճակներում, երբ տեսաք, որ ամբողջ քաղաքը բառացիորեն դուրս եկավ նախագահին դիմավորելու, դա տեղի բնակչության կողմից աջակցության և ուրախության բացարձակապես զարմանալի ցուցադրում էր: Ուստի, իհարկե, մի կողմից կան փորձագետների առաջարկություններ, բայց մյուս կողմից կա նախագահի վճռական որոշումը, երբ նա չկարողացավ մերժել այդ մարդկանց՝ նրանց բարևելու համար»,- ասել է Պեսկովը։