Լոնդոնում մեծ հանդիսավորությամբ նշվել է Չարլզ Երրորդի պաշտոնական տարեդարձը, որի կապակցությամբ դիտարժան շքերթ և ավիաշոու է անցկացվել, հայտնում է BBC-ն։
Շքախումբը Բուքինգհեմյան պալատից դուրս է եկել առավոտյան մոտավորապես ժամը 10-ին և շարժվել դեպի Horse Guards հրապարակ, որտեղ տեղի է ունեցել միջոցառման գլխավոր արարողությունը։
Չարլզ Երրորդը դարձել է 1986 թվականից ի վեր առաջին բրիտանացի միապետը, որը ձիով է մասնակցել արարողությանը: Նրան հետևել են Ուելսի արքայազն Ուիլյամը, արքայադուստր Աննան, Էդինբուրգի կոմսը արքայազն Էդվարդը։ Մինչդեռ թագուհի Կամիլան և Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը երեխաների հետ նստած են եղել ձիաքարշ կառքում:
Բրիտանիայում ավանդույթ է հաստատվել միապետի ծննդյան օրը նշել երկու անգամ՝ իրական օրը և պաշտոնականը՝ ամռանը, երբ եղանակը առավել բարենպաստ է դիտարժան հանրային միջոցառումների համար։ Չարլզ Երրորդի իրական ծննդյան օրը նոյեմբերին է։
Հիշեցնենք, որ Չարլզ Երրորդը թագադրվել է Վեսթմինսթերյան աբբայությունում մայիսի 6-ին՝ վերջին յոթանասուն տարվա մեջ առաջին նման արարողության ժամանակ։