Ինձ համար անգնահատելի արժեք են մարզաշապիկի գերբը, դրոշն ու հենց ազգային ընտրանին. Վահան Բիչախչյան


Ինձ համար անգնահատելի արժեք են մարզաշապիկի գերբը, դրոշն ու հենց ազգային ընտրանին. Վահան Բիչախչյան
Հունիս 7 10:20 2023

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վահան Բիչախչյանը պատմել է անցած ճանապարհի, անելիքների և իր ֆուտբոլային փիլիսոփայության մասին:-Վահան, Ձեր ընտանիքում սպորտը, ֆուտբոլը կոլորիտի մի մասն է: Ինչպե՞ս սկսվեց ֆուտբոլում Ձեր ճանապարհը: Ինչպե՞ս հասկացաք, որ այս մարզաձևն է ձերը:

 

-Եթե անկեղծ՝ հասկանալու կարիք չկար: Ֆուտբոլն իմն էր, երբ հասա գիտակցության մակարդակի: Մանկության տարիներին էլ գնդակը, ֆուտբոլը իմ առօրյայի մի մասն են եղել: Սերը ֆուտբոլի հանդեպ, կարելի է ասել,  ի ծնե է ինձ մոտ: Ոչ մի ֆուտբոլիստ կամ խաղ չի եղել պատճառը, որ սկսել եմ սիրել այս մարզաձևը: Պարզապես սիրել եմ այն, իսկ ժամանակի ընթացքում սկսել եմ ավելի լուրջ վերաբերվել այս մարզաձևին:

 

-Ձեր պապիկը ծանրորդ է, հայրը` ֆուտբոլիստ: Առիթ չի՞ եղել այլ մարզաձևերում էլ ձեզ փորձել:

-Ի սկզբանե հայրս ցանկություն ուներ, որ ես ծանրամարտով զբաղվեի: Մի քանի մարզում էլ ըմբշամարտում եմ ունեցել: Բայց սկզբից ի վեր էլ ֆուտբոլին ոչինչ չի փոխարինում: Ոչ ծանրամարտը, ոչ էլ ըմբշամարտը չկարողացան գերազանցել ֆուտբոլին:

-Սովորաբար բարդ է որդիների այն ճանապարհը, ովքեր ընտրում են իրենց  հոր ուղին: Ի՞նչ արձագանք ստացաք ավագ Բիչախչյանից:

-Առավել երիտասարդ հասակում ուրիշ մոտեցում ես ունենում, երբ մեծերը խորհուրդներ են տալիս, երբ խիստ կամ ոչ խիստ տոնով ինչ-որ բան են ասում, սովորեցնում, երբեմն մտածում ես, որ դու ճիշտ ես, սխալը նրանք են, բայց հիմա, հետ նայելով, հասկանում եմ, թե որքան ճիշտ խորհուրդներ եմ ստացել նրանից: Խորհրդատուների շարքում կարևոր դեր ունի նաև իմ մարզիչներից Արտակ Ադամյանը: Բայց այդ խիստ դաստիարակության,  խորհուրդների կարիքն ունեցել եմ: Գուցե, ամեն ինչ այլ կերպ զարգանար, եթե հայրս քիչ խիստ լիներ: Սովորել եմ նրա խորհուրդները կյանքիս մի մասը դարձնել, աշխատել դրանց վրա և ժամանակի ընթացքում հասկացա, որ նրանք ինձ ճիշտ ճանապարհի վրա են դրել: 

-Սպորտը Շիրակի մարզում՝ առավել ևս Գյումրիում, տարերքի պես մի բան է: Ինչն եք ամենաշատը հիշում «Շիրակ»-ում կամ առավել շատ կարոտում:

-Գյումրին, «Շիրակ»-ն իմ տունն է: Այստեղից եմ սկսել ճանապարհս, կայացել որպես անձնավորություն ու ֆուտբոլիստ: «Շիրակ»-ը միշտ էլ առանձնացել է իր կարգապահությամբ, և հիշում եմ, որ ամեն խաղում միշտ մրցել ենք հաղթանակի համար: Թեպետ շատ երկար չեմ խաղացել «Շիրակ»-ում, սակայն այն ժամանակ, երբ ես էի խաղում, ակումբում ուժեղ կազմ կար, և մարզիչները քեզ հենց այնպես չէին ընդգրկի թիմում: Իհարկե, կարոտում եմ «Շիրակ»-ը: Այն կարծիքին եմ, որ կարող էի ավելին տալ թիմին` մի մրցաշրջան ավել խաղալով այստեղ:  Քիչ եմ վայելել այստեղ խաղալու բերկրանքը:

-«Ժիլինա», «Պոգոն». երկու առաջնություն` սլովակական ու լեհական: Ինչպիսի՞ փուլեր անցաք այս առաջնություններում:

-«Ժիլինա» տեղափոխության տարում թիմը դարձել էր չեմպիոն, և ակումբի մարզիչներն առավելագույնի ակնկալիքներ ունեին: Ինձ համար էլ դժվար էր, քանի որ երիտասարդ էի, նոր երկրում, նոր ակումբում և լեզվին անծանոթ: Հետո սկսվեց բարդ փուլ, երբ վնասվածքներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ պատրաստ էի խաղաժամանակ ստանալուն: Իմ կյանքում դա ծանր շրջան էր: «Ժիլինա»-ն ինձ շատ բան է տվել, և այնտեղ անցկացրած ժամանակը կարևոր փուլ էր ինձ համար: «Պոգոն»-ին էլ միացա, երբ երիտասարդներով լավ թիմ էր ձևավորվել: Եթե անկեղծ՝ չէի կարծում, որ այդքան արագ կմերվեմ թիմին:  Ու, քանի որ լեհերենը սլովակերենին մոտ է, շատ կարճ ժամանակում նաև լեհերեն սովորեցի, ինչն ինձ հիմա օգնում է լավ լեզու գտնել ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու երկրպագուների հետ:  Ֆուտբոլը փոփոխվում է, ու ես սպասում եմ իմ հնարավորությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։