«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ՀՆԱ-ի մեջ պետական պարտքը կազմում է 46.7%, ինչը ռիսկային չէ: Panorama.am-ը Հայաստանի պետական պարտքի կառուցվածքի և այն սպասարկելու ռիսկերի շուրջ զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
Ս.Պարսյան-Պարտքը, որպես այդպիսին, նորմալ երևույթ է, եթե պետությունն այդ գումարը ծախսում է իր տնտեսության մեջ նոր արտադրական հզորություններ, կարողություններ ստեղծելու ուղղությամբ: Այն հնարարվորություն է տալիս, որպեսզի ապագայում տնտեսությունը, պետությունն էլ ավելի զարգանա, նոր հարկային մուտքեր ապահովվեն, աշխատատեղեր ստեղծվեն, նոր ապրանքներ արտադրվեն և այլն:
Այս տեսանկյունից պարտքային քաղաքականությունն ճիշտ է, այն նույնն է, ինչ, օրինակ, մարդը պարտք է վերցնում հեռախոս գնելու համար, կամ բիզնես սկսելու համար: Եթե մարդը պարտք է վերցնում հեռախոս գնելու համար, ապա իր համար բեռ է դառնում, իսկ երբ փող է վերցնում ձեռնարկատիրական գործունեության համար, ապա այստեղ, անշուշտ, որոշակի ռիսկեր կան, բայց այն նախատեսում է եկամուտներ հենց այդ մարդու վիճակի բարելավման համար: Նույն տրամաբանությունը գործում է պետության պարագայում:
Գիտենք, որ պետության պարտքը բաժանվում է երկու մասի՝ արտաքին և ներքին: Արտաքինը արտարժույթով պարտքն է, որը ՀՀ-ն վերցրել է տարբեր միջազգային ինստիտուտներից, դոնորներից՝ Համաշխարհային բանկ, Արժույթի համաշխարհային կազմակերպություն, Ասիական, Եվրասիական զարգացման բանկեր և այլն: Սրան գումարած կառավարությունը 5 անգամ թողարկեց պարտատոմսեր, դրանք դոլարային պարտատոմսեր են, որոնք բաշխված են տարբեր ֆիզիկական անձանց միջև, որոնք կարող են լինել և տեղացիներ և օտարերկրացիներ:
Panorama.am-Ինչպիսի՞ն է պարտքի կուտակման դինամիկան:
Ս.Պարսյան- 2018թ.-ից սկսած մեր ընդհանուր պարտքն աճել է: Եթե 2018 թվականի ապրիլին մեր ընդհանուր պարտքը կազմում էր 6.6 մլրդ դոլար, ապա այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ մեր ընդհանուր պարտքը կազմում է 10.9 մլրդ դոլար: Դոլարային արտահայտությամբ մեր պարտքն այս 3.5 տարիների ընթացում աճել է 4.5 մլրդ դոլարով:
Դոլարային աճի վրա ազդել է մի շարք գործոններ, նախ կառավարությունն այս տարիների ընթացքում ավելացրել է արտաքին պարտքը, նոր պարտատոմսեր է թողարկել, նոր վարկեր է վերցրել տարբեր կազմակերպություններից և դրան գումարած նոր մեծ քանակությամբ ներքին դրամային պարտատոմսեր է թողարկել և տեղաբաշխել տնտեսության մեջ: 2021-22 թթ պետական պարտքային քաղաքականության տեսանկյունից իրավիճակը մի քիչ փոխվեց, պետությունը որոշում կայացրեց արտաքին աշխարհից պարտքերի վերցնելը կրճատել և ավելացնել ներքին պարտքի կարողությունները՝ սկսելով դրամային պարտատոմսեր թողարկել և տեղաբաշխել տնտեսության մեջ: Դրա արդյունքում դրամային ներքին պարտքն աճեց, դոլարային արտաքին պարտքն էլ նվազեց և այս իրավիճակը շարունակվում է մինչև հիմա:
Այս տարվա 4 ամիսների հաշվարկով 2022 թ. դեկտեմբերի 31-ի համեմատ մեր ընդհանուր պարտքն աճել է մոտավորապես 340 մլն դոլարով, որն աճել է հիմնականում դրամային պարտքի ավելացման հաշվին: Օրինակ այս ամիսների ընթացքում այդ դրամային պարտքն աճել է 105 մլրդ դրամով, ինչը նպաստել է ընդհանուր պարտքի աճին: Վերջինիս վրա ազդել է նաև դրամի արժևորումը, եթե դրամը վերադառնա անցած տարվա փոխարժեքին, ենթադրենք՝ մեկ դոլարի դիմաց 500 դրամի, ապա ոչ թե 11 մլրդ պարտք կունենանք, այլ, ենթադրաբար, 9.5-10 մլրդ դոլար: Այսինքը դրամային և դոլարային պարտքի վրա մեծ ազդեցություն ունի դրամի փոխարժեքը: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ այս տարիներին մենք ավելացրել էինք դրամային պարտքը:
Panorama.am-Պարտքի կառուցվածքի նման փոփոխությունը լա՞վ է, թե՞ վատ:
Ս. Պարսյան-Ներքին պարտքն ավելացնելու և արտաքին պարտքը նվազեցնելու կառավարության այս քաղաքականությունն ունի և ուժեղ, և՛ թույլ կողմ: Ուժեղ կողմն այն է, որ պետությունն արտարժույթի շուկայից իր կախվածությունը թուլացնում է, որ, ենթադրենք, երբ դոլարը դառնա 550 դրամ ինքը խնդիր չունան սպասարկելու, իսկ եթե դու ունենում ես շատ արտարժույթով պարտք և նրա փոխարժեքը բարձրանում է, դու խնդրի առաջ ես կանգնում: Որպս բացասական կողմ նշեմ, որ պետությունը ներքին պարտքի դեպում սկսում է ավելի շատ տոկոսավճար վճարել: Եթե արտարժույթային պարտքերը մենք ստանում ենք 0.5, 2 և 3%-ով կամ պարտատոմսերի դեպքում՝ առավելագույնը 4 %, ապա դրամային պարտատոմսերի դեպքում տոկոսավճարը կազմում է 11%:
Այսինքը, պետությունը պետք է ամեն տարի այդքան վճարի իր թողարկած պարտատոմսերի համար: Պարտքի սպասարկումը պետության համար վերջին տարիներին ավելի է մեծացել:
Panorama.am-Ի՞նչ կասեք պարտքի սպասարկման ռիսկերի մասին:
Ս. Պարսյան-Եթե նայենք կառավարության միջնաժամկետ ծրագրին, ապա կտեսնենք, որ իր պարտքի սպասարկման ամենածանր ժամանակը գալու է 2025 թվականին, երբ միայն 600 մլրդ դրամ պետք է վճարենք պարտքի սպասարկման՝ մայր գումարի և տոկոսների սպասարկման համար: Կառավարությունը փորձում է նախապատրաստվել 2025 թվականին, ռեզերվներ է ստեղծում, հարկային քաղաքականություն է փորձում փոխել, առանձին ուղղություններով հարկային դրույքաչափեր ավելացնել, բայց պիկը գալու է 2025 թվականին: Այդ պարտքային բեռը սպասարկելու համար մենք պետք է մեր տնտեսական կարողությունները, արդյունավետությունը մեծացնենք: 2022-23թթ, պայմանավորված այս աննախադեպ երկնիշ տնտեսական աճով, ռուսների գալով և տրասֆերտների հոսքով, կարծես թե կառավարությունը, այսպես ասած, թուլացել է և այդ պարտքային քաղաքականության ուղղությամբ երկարաժամկետ իր ծրագրերն ավելի թուլացրել ու անտեսել է: Եթե պատկերացնենք մի իրավիճակ, երբ ռուսները դուրս գան և տնտեսական աճը կտրուկ նվազի, լուրջ փաստի առջ ենք կանգնելու, քանի որ այս եկամուտների աճը, որ իրենք գլուխ են գովում, թե մեծ քանակությամբ հարկեր են վերցնում տնտեսությունից, այն կտրուկ նվազելու է և կառավարությունն արդեն ստիպված է լինելու արդեն լրացուցիչ պարտքեր ներգրավել դրսից, այն արդեն բավականին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր տնտեսության համար:
Մենք հիմա ունենք լավ իրավիճակ՝ պայմանավորված արտաքին գործոններով, կառավարությունն այդ լավ իրավիճակն ամբողջությամբ իրեն է վերագրում: Իրավունք ունի՝ հաշվի առնելով, որ ինքն է այս պահին իշխանության, բայց ապագա ռիսկը, որ գալիս է ու տեսանելի է, որը կարող է լինել հարկային եկամուտների կտրուկ նվազում և պետական բյուջեից ծախսերի վերանայում և այլն, այդ հարցի առաջ մենք ուշ, թե շուտ կանգնելու ենք և պետք է նախապատրաստվենք դրան: Այդ նախապատրաստական աշխատանքները չեն տարվում, նրանց մոտ անգործություն է տիրում այդ առումով: Այս իրավիճակը բավականին նման է 2009թ.-ին, երբ մենք ունեցանք 14.4 % կտրուկ անկում և ստիպված եղանք երկու տարվա ընթացքում 2 մլրդ դոլարի պարտքեր ներգրավել, որպեսզի կայունացնենք տնտեսությունը և փակենք պետական բյուջեի դեֆիցիտը:
Մենք այսպիսի վտանգի առաջ ենք կանգնած և պետք է դրան նախապատրաստվել, այլ ոչ թե, այսպես ասած, եղածը վերագրել իրենց աշխատանքին և հանգիստ նստել:
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը: