Կոտայքի մարզում թալանել են հայտնի ԱՁ տնօրեններից մեկի տունը՝ գողանալով ոսկյա զարդեր, խոշոր դրամական միջոցներ ու շքեղ Porche Panamera-ն


Կոտայքի մարզում թալանել են հայտնի ԱՁ տնօրեններից մեկի տունը՝ գողանալով ոսկյա զարդեր, խոշոր դրամական միջոցներ ու շքեղ  Porche Panamera-ն
Մայիս 13 21:58 2023
 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 06:30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Ա.Հ.-ից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գյուղից գողացել են իրեն պատկանող Porche Panamera մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում Ա.Հ.-ն հայտնել է, որ մոտ 2 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով տան հետնամուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են ներս և տանից հափշտակել ոսկյա զարդեր՝ մոտ 1.5 մլն ՀՀ դրամ և ապակյա տարաներով լցված 500 ՀՀ դրամանոց մետաղադրամներով պահոցը (կասսան):

Տարել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի բանալին, իսկ տան դիմացից իրեն պատկանող Porche Panamera մակնիշի ավտոմեքենան:

Տեղում աշխատել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա.Հ.-ն Կոտայքի մարզում հայտնի գործարար է, ով նաև ԱՁ տնօրեն է և նրան պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։