Կարմիր խաչը տասն օր է՝ Արցախից բուժառուներ չի տեղափոխել Հայաստան


Կարմիր խաչը տասն օր է՝ Արցախից բուժառուներ չի տեղափոխել Հայաստան
Մայիս 10 12:04 2023

Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհին Ադրբեջանի կողմից ապօրինաբար անցակետ դնելու պատճառով արդեն 10 օրից ավելի է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ չեն տեղափոխվել բուժառուներ, որոնք հենց ՀՀ-ում բուժում ստանալու  կարիք ունեն։

«Կապված Լաչինի միջանցքի երկայնքով նոր զարգացումների հետ՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն շարունակում է  իր երկխոսությունը համապատասխան որոշում կայացնողների հետ, որպեսզի ճշգրտի իր ընթացակարգերին և իր մանդատին վերաբերող հարցերը և կարողանա վերսկսել այն գործունեությունը, որը կատարել էր դեկտեմբերի 19-ից ի վեր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Վերջին անգամ Արցախից «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ 16 բուժառու Հայաստան է տեղափոխվել ապրիլի 29-ին։

«Դրանից հետո կարիք եղավ ներգրաված բոլորի կողմերի հետ երկխոսության միջոցով վերաքննարկել, նորովի ձեռքբերել որոշակի համաձայնություններ, այնուհետև հնարավորինս սեղմ ժամկետներում վերսկսել մեր աշխատանքը և մեր աջակցությունը»,- ասաց Զ. Ամատունին։

Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ին թշնամի  Ադրբեջանը կազմակերպել էր, այսպես կոչված,  «բնապահպանների» բողոք-ցույց՝ փակելով Արցախի (Լաչինի) միջանցքը։ Իսկ 2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում», այդտեղ տեղադրել անցակետ՝ ոչ մի հարթությունում չունենալով դրա իրավունքը։