ՌԴ կաթնամթերքի արտահանման շարունակվող արգելքի պատճառով Հայաստանի ամսական կորուստները հասնում են 1.2-1.5 մլրդ դրամի


ՌԴ կաթնամթերքի արտահանման շարունակվող արգելքի պատճառով Հայաստանի ամսական կորուստները հասնում են 1.2-1.5 մլրդ դրամի
Մայիս 5 11:47 2023

Panorama.am-ը ապրիլի 13-ին գրությամբ դիմել էր Էկոնոմիկայի նախարարություն՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Հայաստանից կաթնամթերքի ներմուծման արգելքի հետևանքների և այն վերցնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:  «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 9-րդ հոդվածի համաձայն նախարարությունը պատասխանել էր ոչ թե ապրիլի 21-ին, այլ ուշացումով՝ մայիսի 4-ին՝ նաև միջանկյալ գրությամբ չտեղեկացնելով ուշացման պատճառների մասին:

Նեչկայացնում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած պատասխանը՝  Panorama.am-ի հարցերի հետ միասին. «ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը դիմել էր Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ.-ի ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան դադարեցնելու համար: «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել էին, որ Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ է նկատվում։ Գերատեսչությունը նաև հայտնել էր, որ հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։

1.Ի՞նչ ծավալների կաթնամթերքի արտահամնան արգելքների մասին է խոսքը գնում, և այդ որոշումից Հայաստանը արտահանման ծավալներում ամսական գումարային առումով որքա՞ն կկորցնի:

-Համաձայն մաքսային վիճակագրության տվյալների՝ 2022 թվականին ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն արտահանվել է 5212,9 տոննա կաթնամթերք, որի մաքսային արժեքը կազմել է շուրջ 12746,3 մլն դրամ։
Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տեղեկատվության՝ 2023 թվականի առաջին եռամսյակում արտահանվել է մոտ 2000 տոննա (1926882.37 կգ) կաթնամթերք։

2.Ի՞նչպիսի արձագանք կա կաթնամթերք արտադրող ընկերություններից ՌԴ որոշման վերաբերյալ: Դիտարկվում են իրավիճակից դուրս գալու առաջարկներ նախարարության և տնտեսվարողների կողմից:

-Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ից ՌԴ կաթնամթերք արտահանող համեմատաբար խոշոր ընկերությունների հետ աշխատանքային կարգով քննարկել է արգելքի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը և ընկերություններում Ռոսսելխոզնադզորի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ ստուգումներ անցկացնելու նպատակահարմարությունը։ Տնտեսավարողների զգալի մասն իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդունելու Ռոսսելխոզնադզորի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներին։

-Եթե չհաջողվի մոտ ամիսներին ՌԴ համապատասխան ստորաբաժանման որոշումը փոխել, ինչպե՞ս այն կազդի ՀՀ գյուղատնտեսության ոլորտի կաթնամթերքի արտադրության ճյուղի վրա:

Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսավարողների հետ քննարկել է նաև ՌԴ համապատասխան որոշման ազդեցությունը կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտների վրա։ Ըստ տնտեսավարողների՝ արտահանման արգելքը տևական ժամանակով շարունակվելու դեպքում տեղական շուկայում կավելանա պանրի առաջարկը, որի արդյունքում կնվազեն պանրի իրացման գները, որը կհանգեցնի կաթի մթերման գների և ծավալների նվազեցմանը, առանձին տնտեսավարողներ հարկադրված կլինեն դադարեցնել գործունեությունը կամ կրճատել արտադրության ծավալները և աշխատատեղերը, ինչը կհանգեցնի նաև անասնագլխաքանակի և կաթի արտադրության ծավալների կրճատմանը։

4. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզոր»-ի համապատասխան որոշման չեղարկման համար:

-Էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպվել են հարցի վերաբերյալ քննարկումներ Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը և Ռոսսելխոզնադզորի ղեկավարը 2023 թվականի ապրիլի 17-ին Մոսկվայում քննարկել են կողմերին հուզող խնդիրները՝ կապված Ռուսաստանում շրջանառության թույլտվություն չունեցող իրանական հումքից պատրաստված կաթնամթերքի արտահանման հետ: Կողմերը երկուստեք դրսևորել են կառուցողական մոտեցում և պայմանավորվել խնդիրը կարգավորել փուլ առ փուլ։

Այս փուլում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռոսսելխոզնադզորի կողմից մատնանշված խախտումները կներկայացնի Հայաստանի Հանրապետության կաթնամթերք արտադրող ու արտահանող այն կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական և Ռուսաստանի Դաշնությունում թույլատրված հումքով, որպեսզի նրանք իրականացնեն ուղղիչ գործողություններ և իրենց արտադրական գործընթացները համապատասխանեցնեն իրավական ակտերով պահանջվող նորմերին։
Հայաստանի կաթնամթերք արտադրող ու արտահանող կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական և ՌԴ-ում թույլատրված հումքով, առաջարկվում է դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց ընկերություններում ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելու համար: Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն Ռոսսելխոզնադզորի դիտարկմանը՝ կաթնամթերքի արտահանման արգելանքը հանելու համար։

Ներկայումս Տեսչական մարմին են դիմել կաթնամթերք արտադրող և Ռուսաստանի Դաշնություն արտահանող կազմակերպություններ, որոնց մոտ նախատեսվում է իրականացնել պետական վերահսկողություն։ 

Այս գործընթացը հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնել դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման նախկին ծավալները»:

Էկոնոմիկայի նախարարությունից ստացված պատասխանից պարզվում է, որ ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքից մեկ ամիս անց հայկական կողմը դեռ չի սկսել արտահանող ընկերություններում տեսչական ստուգումները, որոնց արդյունքները թույլ կտային վերականգնել արտահանումը, իսկ միայն մեկ ամսում ներկայացված մարքսային արժեքներով պետությունը կորցնում է 1.2-1.5 մլրդ դրամի արտահանման ծավալ: