Շենգեն վիզայի հերթեր. Ինչ պետք է իմանան Հայաստանից Եվրոպա մեկնողները


Շենգեն վիզայի հերթեր. Ինչ պետք է իմանան Հայաստանից Եվրոպա մեկնողները
Մայիս 4 17:28 2023

Շենգենյան վիզան տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի 26 երկրներ կարճաժամկետ այցերի (առավելագույնը 90 օր՝ կես տարվա ընթացքում) համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության:

Ներկայումս Շենգենյան տարածքի երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիխտենշտայնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան և Ֆրանսիան։

Մուտքի արտոնագիր ստանալու համար սովորաբար անհրաժեշտ է դիմել այն երկրի հյուպատոսարան, ուր նախատեսում եք գնալ: Եթե նախատեսում եք այցելել մի քանի շենգենյան երկիր, ապա պետք է դիմել այն երկրի հյուպատոսություն, որտեղ ամենաերկարն եք մնալու:

Եթե շրջագայություն եք նախատեսում մի քանի Շենգենյան երկրներ, որտեղ յուրաքանչյուր երկրում մնալու եք նույնքան ժամանակ, ապա պետք է դիմել այն երկրի հյուպատոսարան, ուր առաջինն եք մուտք գործելու:

Որպես կանոն, պետք է դիմել բնակավայրի տարածքի համար պատասխանատու հյուպատոսարան, չնայած այլ հյուպատոսարաններ նույնպես կարող են ընդունել դիմումը, եթե ունենաք այնտեղ դիմելու հստակ հիմնավորում:


Եթե երկիրը, ուր ցանկանում եք այցելել, դիվանագիտական ներկայացուցչություն չունի այն երկրում, որտեղ ապրում եք, պետք է ստուգել՝ արդյոք այն ներկայացված է մեկ այլ Շենգեն պետության կողմից:

Եվրոպական երկրներ գնալիս, մուտքի արտոնագրի համար հյուպատոսության կողմից գանձվող գումարը կազմում է 35 եվրո:

Եվրամիության և ՀՀ միջև կնքված վիզայի դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողներ լիովին ազատվում են վիզայի վճարներից։

Այդ խմբի մեջ մտնում են՝

12 տարեկանը չլրացած երեխաները,

եվրամիությունում օրինական հիմքով բնակվող անձանց և ԵՄ-ի երկրների քաղաքացիների մերձավոր ազգականները (կին/ամուսին, երեխա, ծնող, պապիկ, տատիկ, թոռնիկ),

թոշակառուները

միջազգային սպորտային մրցաշարերի մասնակիցները և ուղեկցող անձնակազմը (մարզիչներ, բժիշկներ),

քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անձինք, ովքեր արտերկրում գործող հայկական ՀԿ-ների հրավերներով մեկնում են մասնակցելու կրթական միջոցառումների, սեմինարների կամ կոնֆերանսների,

գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում գործունեություն ծավալողները և փոխանակման ծրագրերի մասնակիցները,

հաշմանդամները և ուղեկցող անձինք,

լրագրողները և ուղեկցող տեխ․անձնակազմը,

պաշտոնական պատվիրակության անդամները և հայկական սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորները։

Անդամ պետությունները երբեմն համագործակցում են արտաքին ծառայություններ մատուցողների հետ (այսպես կոչված մուտքի արտոնագրի կենտրոնների հետ), որոնք ընդունում են մուտքի արտոնագրի դիմումներ և օժանդակող փաստաթղթեր: Արտաքին ծառայություններ ապահովողի միջոցով մուտքի արտոնագրի համար դիմելիս կգանձվի մինչև 30 եվրո լրացուցիչ ծառայության վճար:

Շենգեն վիզայի համար դիմելիս, իրավունք ունեք ընտրել առանց հավելավճարի ուղիղ հյուպատոսարան դիմելու և մուտքի արտոնագրի կենտրոնի ծառայություններից օգտվելու միջև:

Դժբախտաբար, մուտքի արտոնագիրը չի երաշխավորում մուտքը դեպի Շենգենյան տարածք: Մուտքը կարող է մերժվել սահմանին, եթե չկարողանաք բացատրել այցի նպատակը կամ ցույց տաք, որ ունեք բավարար գումար այցի ծախսերը հոգալու համար:

Անհրաժեշտ է վերցնել ոչ միայն մուտքի արտոնագրով անձնագիրը, այլ նաև բոլոր օժանդակող փաստաթղթերը կամ դրանց օրինակները:

Շենգենյան Մուտքի արտոնագիրը թույլ է տալիս ամեն 6 ամիսը մեկ անգամ 90 օր ժամկետով գտնվել շենգենյան տարածքում: Բազմակի մուտքի վիզայի դեպքում կարող եք օգտվել բազմակի մուտքով շենգենյան արտոնագրի օրերի հաշվիչից ՝ շենգենյան տարածքում մնալու օրերը ճիշտ հաշվարկելու համար:

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։