Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով հանդիպումների և հրապարակումների շարքը շարունակում ենք:
Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը:
Արմեն Ստեփանյանը շուրջ 22 տարվա փորձ ունի բնապահպանական, սոցիալական և առողջության ու անվտանգության կառավարման, կայուն զարգացման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում:
Մինչև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար թիմին միանալը (2022 թ.)՝ եղել է «Պետրոպավլովսկ» ԲԲԸ (Ռուսաստանի Դաշնություն) շրջակա միջավայրի կառավարման գծով տնօրենը։
2007-2021 թթ. աշխատել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունում՝ կայուն զարգացման գծով ավագ փոխնախագահ:
Հանքարդյունաբերության ոլորտ տեղափոխվելուց առաջ աշխատել է Հայաստանի միջուկային անվտանգության պետական կարգավորման կոմիտեում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։
Արմեն Ստեփանյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, ունի Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, ճարտարագիտության մագիստրոսի կոչում՝ շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտում, և բակալավրի կոչում՝ քիմիական ճարտարագիտության ոլորտում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից:
Մասնակցել է միջազգային տարբեր դասընթացների՝ բնապահպանական, սոցիալական կառավարման, առողջության և անվտանգության, մարդու իրավունքների և կառավարչական ոլորտներում:
Գիտական ինը հոդվածի և Հայաստանի Հանրապետության երեք պատենտի հեղինակ է։
- Պարոն Ստեփանյան, Դուք համակարգում եք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման ճյուղը, և բնապահպանական, աշխատանքային անվտանգության ու կառավարչական խնդիրներին անդրադառնալու առիթ կունենանք ապագայում։ Այսօր մեր զրույցի թեման «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է, որն արդեն իսկ հեղինակավոր կառույց է ոչ միայն Զանգեզուրի կոմբինատի տիրույթում, այլև ամբողջ Սյունիքի մարզի սոցիալական ոլորտում:
Կուզենայինք նախևառաջ ծանոթանալ 2015 թվականին ստեղծված հիմնադրամի նպատակներին, գործունեության հիմնական ուղղություններին և առաքելությանն ընդհանրապես:
- Հիմնադրամի հիմնական նպատակն ու առաքելությունը սոցիալական զարգացման, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումն է։ Մենք մանրամասն ընտրում ենք բոլոր ծրագրերը և նախապատվություն տալիս այն նախաձեռնություններին, որոնք բարեգործական բնույթից բացի կարող են նաև ապահովել կայուն և շարունակական զարգացում։ Առողջապահություն, կրթություն, սպորտ, մշակույթ. համայնքային զարգացման տարբեր ծրագրեր ունենք։ Անցած տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է գրեթե երեք միլիարդ դրամի ամենատարբեր ծրագրեր։
Անձամբ ինձ համար շատ կարևոր են երեխաների և երիտասարդ սերնդի համար կատարվող ներդրումները. առողջապահությունը, մշակույթը, սպորտը պետք է հնարավորինս մատչելի և հասանելի լինեն երիտասարդներին, ու մեր ծրագրերը պետք է աջակցեն այնպիսի միջավայրի ձևավորմանը, որ երիտասարդները մնան համայնքում, իրենց ապագան կապեն Սյունիքի հետ։
Այս առումով կարևոր եմ համարում բարեգործությունից՝ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրերին անցնելը։ Բարեգործությունը դեռ երբեք և ոչ մի տեղ երկարաժամկետ բարիք չի ստեղծել։ Մենք պետք է խրախուսենք այնպիսի ծրագրեր, որոնք ստեղծում են կայուն արժեք, աշխատատեղ, զբաղվածության հնարավորություն, տալիս են կրթություն։ Նոր ծրագրերի պարագայում շեշտը փորձում ենք դնել համայնքային զարգացման ավելի կայուն՝ լայնածավալ ծրագրերի վրա, որոնց արդյունքում համայնքը կունենա լրացուցիչ եկամուտ ստեղծելու հնարավորություն, ոչ թե կստանա փոքր ֆինանսական օգնություն։ Վստահ եմ՝ արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեն կայուն ծրագրերի դեպքում, և մեծամասնությունը կձգտի հենց նման ծրագրեր ունենալ, ոչ թե բարեգործական օգնության սպասել։
- Հիմնադրամը գործունեության կարևոր ոլորտներ է ընդգրկում, ինչը, բնականաբար, ֆինանսական լուրջ ծախսեր է ենթադրում:
Ֆինանսական ի՞նչ աղբյուրներից է ձևավորվում հիմնադրամի բյուջեն:
- Հիմնադրամի միակ նվիրատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, ամբողջ բյուջեն ձևավորվում է բացառապես կոմբինատի ներդրումից։ Կարծում ենք՝ արդյունավետ կլինի, եթե հիմնադրամին հանգանակություններ անեն նաև ԶՊՄԿ-ի կապալառու կազմակերպությունները, հատկապես նրանք, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Սյունիքում։
Մինչև 2023 թվականը ԶՊՄԿ-ն սոցիալական պատասխանատվության շրջանակում տարբեր ծրագրեր էր իրականացնում նաև հիմնադրամից դուրս։ Դա հսկայական ներդրում էր Սյունիքի զարգացման ուղղությամբ։ 2023 թվականից սկսած բոլոր ներդրումներն իրականացվելու են բարեգործական հիմնադրամով։
- Հիմնադրամը ժամանակին ստեղծել է մի քանի ընկերություն՝ «Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ, «Քաջարանի կինոթատրոն» ՍՊԸ...
Ուրիշ ի՞նչ ենթակառույցներ է ստեղծել հիմնադրամը, և արդյո՞ք այդ ընկերությունները կամ կառույցները շարունակում են գործել:
- Այն կազմակերպությունները, որոնք ստեղծվել են կամ ձեռք են բերվել հիմնադրամի աջակցությամբ և հիմա շարունակում են գործել, ստանում են կայուն ֆինանսավորում։ Դրանց շարքում են «Սյունիք» հեռուստատեսությունը, «Սյունիք» ֆուտբոլային ակումբը, Սյունիքի օդակայանը, այլ կազմակերպություններ, և դրանց գործունեությունից շահույթ չենք ստանում։ Միևնույն ժամանակ հետաքրքրված ենք, որ հիմնադրամի հովանավորության ներքո գտնվող ընկերությունները կարողանան ինքնուրույն աշխատել, և դրա համար մեր ջանքերն ուղղված են զարգացման ծրագրերին։ Իդեալական տարբերակն այն է, երբ այդ կազմակերպությունները ժամանակի ընթացքում կայանան, ձեռք բերեն ինքնուրույնություն և աջակցության կարիք չզգան, դեռ ավելին՝ իրենք աջակցեն այլ նորաստեղծ կազմակերպություններին։ Դա է պատճառը, որ մեզ համար կարևոր է, թե ինչպես են կառավարվում մեր հովանավորության ներքո գտնվող ընկերությունները, որքանով հասցեական և արդյունավետ են ծախսվում հատկացված գումարները, ինչ հիմքեր են ստեղծվում հետագա զարգացման համար։
- Ի՞նչ ճակատագիր ունեցավ «Սյունիք» օդանավակայանի կառուցումը:
- «Սյունիք» օդանավակայանի վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ֆինանսավորմամբ։ 2020 թ. նոյեմբերից օդանավակայանը ՀՀ ՔԱԿ-ի կողմից ստացել է համապատասխան սերտիֆիկատ և, կարելի է ասել, պատրաստ է շահագործման: Բայց, ինչպես հայտնի է, կան մի շարք խնդիրներ, որոնք այժմ թույլ չեն տալիս, որ օդանավակայանը գործարկվի: Պետք է սպասել. այս պահին ամենակարևոր հարցն անվտանգությունն է, և քանի դեռ որևէ բան կարող է խանգարել դրան՝ օդանավակայանի շահագործումը պետք է հետաձգվի։
- Դատելով հիմնադրամի հաշվետվություններից՝ ծախսերի ամենամեծ պատառն ուղղված է եղել սպորտին:
Մի փոքր հանգամանալից՝ սպորտին ցույց տրվող աջակցության և դրա արդյունքների մասին:
- Մենք համախմբում ենք սպորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող երիտասարդներին, նրանց առաջնորդող մարզիչներին և առողջ ապրելակերպով հետաքրքրված ոչ պրոֆեսիոնալներին։ Մենք նախանձախնդիր ենք, որպեսզի առողջ ապրելակերպն ու սպորտը մարզի բնակիչների համար դառնան մշակույթ և համարվեն առաջնային։
Սյունիքում ու հատկապես Կապանում ֆուտբոլային հարուստ ավանդույթներ կան, և սխալ կլինի այդ ներուժը չօգտագործել։ Այդ հանգամանքն ակնառու է, և կատարված ընդհանուր ներդրումներն արդեն արդյունք են տալիս։ Բացի պրոֆեսիոնալ թիմից, «Սյունիք» ֆուտբոլային ակումբում պարապում են մարզի ավելի քան 300 երեխա ու պատանի։ Հպարտ եմ հատկապես այն փաստով, որ ակումբը ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն է տալիս նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
Լուրջ հաջողություններ են գրանցում նաև մենապայքարային մարզաձևերը։ Միայն մեկ օրինակ՝ փետրվարին Խորվաթիայում տեղի ունեցավ քիք-բոքսինգի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, Հայաստանից միայն Կապանի ակումբն էր մեկնել Եվրոպա, և մեր տղաները միանգամից տասը մեդալ բերեցին, որից՝ երկու ոսկի, մեկ արծաթ և յոթ բրոնզ։
- Բնակչության առողջության պահպանումը, սոցիալական աջակցությունը հիմնադրամի գործունեության այն ոլորտներից են, որ առավելապես հետաքրքրում են մարդկանց:
Այդ մասին կուզենայինք իմանալ, նաև այն մասին, թե ովքե՞ր կարող են լինել տվյալ ծրագրերի շահառուներ:
- Այո, առողջապահությունը մեզ համար ամենաառաջնահերթ դիտարկվող ոլորտն է։ Կարծում եմ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր աշխատակիցների համար լավագույն առողջապահական փաթեթ առաջարկող ընկերություններից է Հայաստանում, եթե ոչ՝ լավագույնը։ Ընդ որում՝ փաթեթները ներառում են ընտանիքի բոլոր անդամներին։ Հիմնադրամը ֆինանսավորում է բոլոր այն ծախսերը, որոնք ներառված չեն առողջապահական փաթեթում։ Այսինքն մտածված է այնպես, որ յուրաքանչյուր պարագայում աշխատակիցն ու նրա ընտանիքի անդամները կարողանան ստանալ բարձրակարգ առողջապահական ծառայություն։ Ընկերության աշխատակիցները տարին մեկ անգամ անցնում են բժշկական համապարփակ հետազոտություն։ Դա էապես բարձրացնում է հիվանդությունների կանխարգելման ցուցանիշը։ Եվ արվում է մի քանի նպատակով՝ ընկերությունն ուզում է, որ մեզ մոտ աշխատելու ձգտեն երկրի և մարզի լավագույն կադրերը, լավագույն մասնագետները. աշխարհում ընդունված է կադրերին նաև այս կերպ խրախուսել։ Բացի այդ, լավագույն բուժումը կանխարգելումն է։ Որակյալ առողջապահական ծառայությունը լավ առողջության գրավականն է։ Լավ առողջության համար անհրաժեշտ են ներդրումներ։ Հակառակ տարածված միֆերի, կյանքի տևողությունը կախված է առաջին հերթին որակյալ առողջապահությունից։ Կուսական բնության մեջ ապրող մեր նախնիների կյանքի միջին տևողությունն ընդամենը 100 տարի առաջ մոտ 50 տարի էր։ Այսօր 70 տարի է, և դա հնարավոր է դարձել որակյալ առողջապահության շնորհիվ։
Մենք լուրջ ներդրումներ ենք անում նաև մարզի առողջապահական ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչը մարզի բնակիչներին հնարավորություն է տալիս՝ խնդիրների դեպքում բուժում ստանալ այստեղ և չմեկնել մայրաքաղաք։
Առանձին ծրագրեր կան հաշմանդամություն ունեցող անձանց ու սոցիալապես անապահով խավերի համար։
- Ուրիշ ի՞նչ ծրագրեր է իրականացնում հիմնադրամը: Հետաքրքիր է հատկապես կրթության և մշակույթի ոլորտը:
- Հիմնադրամի միջոցներով առաջին հերթին ֆինանսավորվում են աշխատակիցների և նրանց ուսանող զավակների կրթավճարները՝ բոլոր մասնագիտություններով։ Դա շատ կարևոր նախաձեռնություն եմ համարում, քանի որ կրթավճարները բարձր են, և միշտ չէ, որ ծնողները կարողանում են դա ապահովել իրենց զավակների համար։ Բայց, միևնույն ժամանակ, անարդար է, երբ լավ սովորող և վատ առաջադիմություն ունեցող ուսանողները հավասար ֆինանասավորում են ստանում։ Սկսել ենք վերանայել մեր մոտեցումը և հրաժարվել բոլորին, ամբողջ ծավալով ու բոլոր մասնագիտություններով ֆինանսավորելու գործելաոճից և կկիրառենք բարձր առաջադիմություն ունեցողներին խրախուսելու սկզբունքի գործելակերպը։ Ամբողջական ֆինանսավորում կստանան ուսանողները, ովքեր լուրջ մոտեցում ունեն կրթությանը։ Լավ սովորելը որպես երախտագիտություն ենք ընդունում և, կարծում եմ, կշարունակենք նրանց հետ մեր համագործակցությունը։ Այդպես ավելի արդար և ավելի նպատակային կլինեն մեր ներդրումները, բացի այդ՝ ուսանողները շահագրգռված կլինեն լավ սովորել։
- Ենթադրում ենք՝ հիմնադրամը ծրագրեր է իրականացրել և իրականացնում Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված սյունեցիների ընտանիքների, վիրավորների աջակցության ուղղությամբ: Նույնը՝ նաև 2022 թ. սեպտեմբերյան իրադարձություններից տուժածների առումով:
Ի՞նչ կկամենայիք ասել այդ ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
- ԶՊՄԿ-ն միշտ՝ դեռևս 2016 թվականի քառօրյա պատերազմից սկսած, բավականին մեծ աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ, դա մեր պարտքն ու պարտականությունն ենք համարել և համարում, ու դրան վերաբերվում ենք մեծ պատասխանատվությամբ և հոգատարությամբ։ Առ այսօր ԶՊՄԿ հիմնադրամի աջակցությունից օգտվում է 47 ընտանիք, և հատկացվել է ավելի քան 377 միլիոն դրամ։ Այլ աջակցություն ևս ցուցաբերվում է, բայց չէի ցանկանա շատ մանրամասներ ներկայացնել, ուղղակի կարող եմ ասել՝ սերտորեն համագործակցում ենք մարզպետարանի հետ և աշխատում ենք Ձեր նշած խնդիրների լուծմանն ուղղված բոլոր հայտերը բավարարել։
- 2022 թ. դեկտեմբերի 12-ից հայոց Արցախը բլոկադայի մեջ է. շրջափակված է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը: Եվ բազմաթիվ արցախցիներ մինչև հիմա չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ: Նրանց մեծ մասն ապաստան է գտել Սյունիքում, մասնավորապես Գորիսում:
Որքան տեղյակ ենք՝ այդ մարդկանց ճակատագրերն անտարբեր չեն թողել նաև հիմնադրամին և ընդհանրապես «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությանը:
- Այդ հարցը ևս, բնականաբար, մեր ուշադրությունից դուրս մնալ չէր կարող, և անցած երկու ամսվա ընթացքում մասնակցություն ենք ունեցել այդ ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը։ Այդ ծրագրերն իրկանացվում են մարզպետարանի միջոցով, քանի որ դա թե՛ ավելի արդյունավետ է, թե՛ ավելի հասցեական։
- Կյանքը ցույց է տվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը պահանջված կառույց է Սյունիքում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։