«Տաշիր» առևտրի կենտրոնն այսօր փակվեց․ տեսչականը խախտումներ է արձանագրել


«Տաշիր» առևտրի կենտրոնն այսօր փակվեց․ տեսչականը խախտումներ է արձանագրել
Մարտ 9 11:20 2023

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ փակվել են «Տաշիր» առեւտրի կետնտրոնը եւ «Գնունու» շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» եւ «Եղվարդի համակցված կերերի գործարան» առեւտրի կենտրոնները։ 

Պատճառը՝ հակահրդեհային անվտանգության կոպիտ խախտումներն են, որ տեսչականն արձանագրել է դեռեւս փետրվար ամսին։ 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանն MediaHub-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ 

«Տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել Երեւան քաղաքի Մ․ Խորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ», Վարդանանց փողոցի 22 շենքի դիմացի շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արտադրական հանգույց 5 հասցեում գտնվող «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերությունների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, մինչեւ տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները ամբողջությամբ կվերացվեն»,-ասաց նա։ 

Զոհրաբյանը նշեց, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնում տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են իրականացրել փետրվարի 16-ին։ Արձանագրել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, հարուցվել է վարչական վարույթ։

«Վարույթում առկա նյութերի ուսումնասիրությամբ ամրագրվել է, որ առկա խախտումներն իրենց բնույթով սպառնալիք են հրդեհի առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։ Ըստ այդմ՝ տեսչական մարմնի ղեկավարը մարտի 7-ին այդ առեւտրի կենտրոնները փակելու որոշում է կայացրել»,-ասաց նա։

Լիա Սարգսյան