Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 1 մլրդ 100 մլ դրամ տրամադրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությաւնը՝ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծահաշվարկային աշխատանքների համար։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ աշխատանքները բաղկացած են երեք փուլից։ Առաջին փուլն արդեն ավարտվել է։
«Ամբողջ ծրագրի արժեքը1 մլրդ 848 մլն դրամ է. Երևանի քաղաքապետարանը 545 մլն դրամ վճարել է։ Կառավարությունը եթե 1 մլրդ 100 մլն-ը հատկացնի, տարբերությունը քաղաքապետարանը կվճարի»,-ասաց նախարարը։
Փոխքաղաքապետ Ավինյանը նշեց, որ կայարանի շինարարությունը տևելու է երկու տարի, երկարությունը լինելու է 1.5 կմ։
Շինարարությունը ներառելու է նաև մետրոկամուրջ։
Ըստ Ավինյանի՝ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը որոշակիորեն տարբերվում է 80-ակաների նախագծից։
«Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ շինարարական աշխատանքներ են արվել արդեն՝ շենք է կառուցվել։ Մենք 120-1440 մետր տեղափոխելով դեպի Հալաբյան –Աբելյան խաչմերուկ՝ մի քանի խնդիր ենք կարողանում լուծել. շինարարությունն ավելի ցածր արժեք է ունենալու և ժամկետները մոտ 6 ամսով կրճատվելու են։
«Դեպի Աջափնյակ զարգացման ծրագրի իրականացումը թույլ կտա ունենալ հարմարավետ արագընթաց էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, որը կմիացնի Հրազդան գետի կիրճով բաժանված Երևանի երկու մասերը, ինչը շատ կարևոր է ռազմավարական տեսանկյունից»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Ավինյանի խոսքով՝ տարեվեջին վերջնական նախագիծը պատրաստ կլինի։
Այս կայարանով չենք ուզում սահմանափակվել։ Փեթակի տարածքում ևս մեկ կայարան ստեղծելու հարցն է քննարկվում»,-ասաց Ավինյանը։